AstraZeneca-ից բարդացումներ լինում են 55-ից ցածր տարիքում. հնարավոր է պատճառը հակաբեղմնավորիչները, ծխախոտը և ալկոհոլն են

Երևանի պոլիկլինիկաներում կորանավիրուսի դեմ պատվաստումները սկսվելու առաջին օրվանից՝ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ մոտ 200 մարդ պատվաստվել է ամենից շատ քննարկվող և քննադատվող «AstraZeneca» պատվաստանյութով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետ Պիրիջիդա Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչպես են այդ անձինք իրենց զգում, արդյոք պատվաստանյութին վերագրվող հնարավոր բարդությունները պատվաստումից հետո զգացվել են նրանցից որևէ մեկի մոտ: «Պատվաստվածներից մի քանիսի մոտ պատվաստվելուց հետո նկատվել է միայն ջերմության բարձրացում և նույն օրն էլ անցել է: Դա սպասվող ռեակցիա է: Ընդհանրապես, բոլոր պատվաստումներից հետո 48 ժամվա ընթացքում հնարավոր է հետպատվաստումային ռեակցիաների առաջացում։ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված անձանց տրվում են նաև հատուկ պատվաստման քարտեր, որտեղ նշվում է՝ պատվաստման օրը, ժամը, պատվաստվողի անուն ազգանունը և պատվաստանյութի անվանումը, դեղաչափը, սերիան, նաև նշված է, թե պատվաստվելուց հետո ինչ երևույթներ կարող են առաջանալ, որն է սպասվող և որ դեպքում արդեն պետք է դիմել բժշկի։ Սովորաբար պատվաստումից հետո բուժքույրը զանգի միջոցով տեղեկանում է պատվաստվողի վիճակի մասին, ինչպես նաև պատվաստվողն է տեղեկացնում բուժաշխատողին»,- ներկայացրեց Սիմոնյանը:

Աշխարհում գրեթե 118 երկիր օգտագործում է «AstraZeneca» պատվաստանյութը, 200 միլիոն մարդ արդեն պատվաստվել է «AstraZeneca»-ով: Մասնագետն ասում է՝ «AstraZeneca»-ի շուրջ աղմուկը բարձացավ, քանի որ հետպատվաստումային դիտարկումը դրա վերաբերյալ ավելի շատ էր, իսկ առաջացող բարդությունները հանդիպել են 55 տարեկանից ցածր անձանց, հատկապես կանանց մոտ։

«Կորոնավիրուսի դեպքում մենք ամեն ինչ կարդացինք, լսեցինք, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, մի քիչ էլ չափազանցված: Ճիշտ է Եվրոպական դեղերի գործակալությունը հաստատեց, որ «AstraZeneca»-ից հետո են այդ բարդությունները եղել, բայց ինչն է պատճառը և ինչով է դա բացատրվում դեռևս հստակեցված չէ: Այսպիսի տեսակետ կա նաև, որ մինչև 55 տարեկան անձանց մոտ են բարդությունները հանդիպում, քանի որ նրանք առավել հաճախ են օգտագործում, օրինակ, հակաբեղմնավորիչներ, ալկոհոլ, ծխախոտ: Այդ պատճառով, ինչպես որոշ երկրներում, այնպես էլ մեզ մոտ որոշում կայացվեց «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստել 55 տարեկանից բարձր տարիքի անձանց, որոնց մոտ դրանց օգտագործումը հասնում է զրոյի»,- ասաց նա:

Պիրիջիդա Սիմոնյանի դիտարկմամբ, եթե պատվաստված մարդկանց մոտ առաջանում են բարդություններ, պետք է տարանջատել՝ այդ բարդությունները կապ ունե՞ն ներարկված պատվաստանյութի հետ, թե՞ անձը ի սկզբանե ուներ խնդիր կամ այդ խնդիրը ընթացքում է առաջացել նրա մոտ և համընկել պատվաստանյութի ընդունման հետ:

Մեր հարցին՝ իսկ որն է կորոնավիուսային և այլ հիվանդությունների դեմ պատվատանյութերի առաջացրած բարդությունների այն տոկոսը, որը համարվում է նորմալ, մասնագետը պատասխանեց. «Նորմալ գոյություն չունի, կա հաճախականության սահման, ինչպես նաև պատվաստումից հետո կան սպասվող, հաճախ հանդիպող և հազվադեպ հանդիպող ռեակցիաներ: Հաճախ հանդիպող ռեակցիաները կարող են հանդիպել մինչև 10 տոկոս դեպքերում, շատ հազվադեպը անաֆիլաքսիան է, որը 0.0001 տոկոսից էլ ցածր է լինում: Օրինակ՝ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումից հետո 1.7 մլն պատվաստվածից կարող է առաջանալ ընդամենը անաֆիլաքսիայի մեկ դեպք, սեզոնային գրիպի դեմ պատվաստումից հետո՝ մեկ միլիոնից մեկ դեպք»:

Աշխարհում մոտ 140 մլն մարդ է հիվանդացել կորոնավիրուսային վարակով, նրանցից մոտ 3 մլն-ը մահացել են։ «AstraZeneca» պատվաստումից հետո առաջին 48 ժամերին նկատվող երևույթները նույն հաճախականությամբ են, ինչպես մնացած պատվաստումների դեպքում, սակայն 4-20-րդ օրը նկարագրված թրոմբոզների, գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի դեպքերը հազվադեպ են՝ 1 մլն պատվաստվածից 1-4 դեպք։

««AstraZeneca» պատվաստանյութի հետևանքով անաֆիլակտիկ շոկ, որպես հազվադեպ հանդիպող նկարագրվում է, օրինակ վերջերս աղմուկ բարձրացրած Վրաստանի դեպքը (երբ բուժքույրը պատվաստվելուց կարճ ժամանակ անց մահացավ-խմբ.), սակայն պետք է նշել, որ անաֆիլաքսիան կառավարելի է ճիշտ գնահատման և վարման դեպքում»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ բոլոր պատվաստանյութերի դեպքում առաջացող բարդությունները նո՞ւյն են, թե տարբեր, մասնագետն ընդգծեց՝ որ առաջին երեք օրերին հանդիպող երևույթները հիմնականում նույնն են, սակայն կարող են դիտվել տվյալ պատվաստանյութին բնորոշ երևույթներ, օրինակ, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ պատվաստումից հետո 6-12-րդ օրը հնարավոր է մաշկի ցանավորում, պարանոցի ավշային հանգույցների մեծացում.

«Օրինակ՝ ԲՑԺ-ի, տուբերկոլոզի դեմ օգտագործվող պատվաստանյութով պատվաստումից հետո երեխաների 95 տոկոսի մոտ կարող է առաջանալ տեղային ռեակցիա, այսինքն՝ ներարկման տեղը կարմրում է, այտուցվում է, բուշտ է առաջանում և հետո բուշտը բացվում է, արտահոսք է լինում, արտադրությունը չորանում և վերածվում է սպիի, բայց ԲՑԺ-ն նաև հազվադեպ ռեակցիա կարող է տալ. ներարկման տեղի անոթափոսում՝ թևատակի կամ անրակի շրջանում կարող է առաջանալ լիմֆադենիտ՝ ավշային հանգույցի մեծացում, որը որևէ առողջական խնդիր չի առաջացնում երեխայի մոտ: Բերանային պոլիոմելիտ պատվաստումից երկուսուկես միլիոնից մեկ դեպքում նկարագրվում էր պատվաստվողի վերջույթի սուր կաթված՝ պարեզ, այն անվանում են պատվաստանյութ ասոցացված պոլիոմելիտ, ինչ էր դա՝ պոլիոմելիտի պատվաստանյութի մի տեսակը կարող էր մուտացիայի ենթարկվել, փոփոխվել և վերածվել վայրի վիրուսի ու առջացնել կաթված»:

Սիմոնյանի կարծիքով՝ պատվաստանյութերի շուրջ բարձրացված աղմուկը գուցե նաև քաղաքականացված է, քանի որ կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխարհում արդեն 9-10 պատվաստանյութ է օգտագործվում, ինչպես նաև հակապատվատումային շարժման հետևանք է:

«Օրինակ՝ 2017 թվականին Հայաստանում, երբ ներդրվեց մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը, շատ մեծ աղմուկ բարձրացավ և լրատվամիջոցներում, և սոցիալական ցանցերում տեսանյութեր էին պտտվում, որտեղ հաշմանդամության սայլակների վրա նստած աղջիկներ էին, ցնցումների մեջ գտնվող 13-14 տարեկան երեխաներ, և դա իբր պատվաստվելու հետևանքով է: Այսինքն՝ այդ անձինք իրենց սև գործը արեցին, բայց 2018-2020 թվականերին մենք այդ պատվաստանյութով առանց խնդրի պատվաստեցինք տասնյակ հազարավոր մարդկանց: Ընդհանրապես, պատվաստումներից հետո հաճախ հանդիպող ռեակցիաները մարդկանց մոտ լինում են նաև վախի պատճառով, այսինքն՝ վախի հետ կապված կարող է լինել գիտակցության կորուստ, շնչառության խանգարում, այդ բոլորը կարող է բերել կարճատև ուշագնացության։ Նույն վիճակը ներարկման վախի հետ կապված կարող է դիտվել: Կարևոր է նաև հանրությանը ճիշտ բացատրել, ինչ համար է անհրաժեշտ պատվաստվելը, պատվաստանյութը: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ ամեն ինչ հասկանան»,- հավելեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ