Երեւանցիները դժգոհում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից

Մարդիկ դժգոհում են Երեւանում տեղադրված նոր վերելակների աշխատանքից։ Դրանց վատ աշխատելու մասին ֆեյսբուքյան գրառմամբ օրերս հայտարարել էր օգտատեր Հայկ Սահակյանը։ «Սա մեր շենքի նոր վերելակն է՝ Չարբախում։ Տեղադրվել է դեկտեմբերի 30-ին կամ 31-ին։ Հունվարի 1-ին արդեն իսկ չէր աշխատում, ու մնաց էդ վիճակում մոտ մեկ շաբաթից ավելի։ Հետո նորոգեցին, մեկ թե երկու օր աշխատեց, հետո էլի նույնը։ Քիչ առաջ տուն գալիս կրկին սա չէր աշխատում, արդեն 4-րդ անգամ»,- հրապարակված լուսանկարին կից գրել էր Սահակյանը։

Վերջինիս գրառմանն արձագանքներում նույնպես դժգոհություններ կան նոր տեղադրված վերելակների աշխատանքից։ Օրինակ՝ մեկ այլ քաղաքացի էլ գրել է, որ իրենց շենքի վերելակը տեղադրվել է 2020 թվականի հոկտեմբերին, բայց մինչեւ այժմ օր ու մեջ է աշխատում։

Հիշեցնենք՝ 2020 թվականին Երեւանի քաղաքապետարանը նախատեսել էր շուրջ 500 վերելակի փոխարինում, որն արդեն իրագործել է։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր տարեվերջյան ամփոփման ժամանակ հայտնել էր, որ գործընթացը շարունակվելու է նաեւ այս տարի՝ 2021 թվականին։

Պարզվում է, մարդկանց նոր վերելակներն այնքան էլ չեն գոհացնում, քանի որ դրանք իրենց չեն արդարացնում։ Որոշներն անգամ դժգոհում են ու ասում, որ եթե իրենց հարցնեին, ոչ էլ կուզեին, որ փոխվեն այդ վերելակները, այլ կցանկանային, որ որ հին վերելակը մնար։

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե Չարբախի տվյալ հասցեի վերելակի խնդրին քաղաքապետարանն արդեն հասցրե՞լ է ծանոթանալ (օգտատիրոջ ֆեյսբուքյան գրառմանն արձագանքել էր նաեւ քաղաքապետի խոսնակը)։ «Փորձել ենք կապվել քաղաքացու հետ եւ քանի որ դեռ չի հաջողվել կապ հաստատել, ինքն էլ հասցե չի նշել, դեռ կոնկրետ այդ հասցեի խնդրին չենք կարողացել ծանոթանալ։ Ամեն դեպքում՝ Չարբախի նոր տեղադրված վերելակները ստուգվում են»,- մեր զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Իսկ ինչ վերաբերում է այլ շենքերում առկա վերելակների խնդիրներին, Կարապետյանը վստահեցրեց՝ դրանց մասին քաղաքապետարանը տեղյակ է լինում, եւ խափանումների պատճառները տարբեր են՝ սկսած միջամտությունից, վերջացրած՝ գերծանրաբեռնված աշխատանքից։

Մեր այն դիտարկմանը, թե մարդիկ հիմնականում բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, խոսնակն արձագանքեց․ «Խնդիրն ամենեւին էլ համատարած բնույթ չի կրում, դրանք ի հայտ են գալիս հատուկնետ տեղերում, որոնք հընթացս լուծվում են»։

Ըստ Հակոբ Կարապետյանի՝ խափանման օբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, որ նոր վերելակները տեղադրված են հին հորերում։ Ամեն դեպքում խոսնակը վստահեցրերց՝ երբեմնի մեկ-երկու խափանումներից հետո խնդիրները վերանում են եւ վերելակը սկսում է նորմալ աշխատել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ