1800$ և Թուրքիայի քաղաքացիություն․ «Նովայա գազետա»-ն` ԼՂ տեղափոխվող վարձկանների և պատերազմին նրանց մասնակցելու պայմանների մասին նոր մանրամասներ է ներկայացրել

Ռուսական «Նովայա գազետա» թերթը ԼՂ հակամարտության գոտի տեղափոխվող զինյալների հավաքագրման մեխանիզմների, նրանց անձնական տվյալների և վարձատրման մասին մանրամասներ է հրապարակել։

Մանրամասնել հաղորդելով վարձկաններից մեկի՝  Մոհամեդ Շաալանի մասին, թերթը նշում է, որ «նա սիրիացի է, ծնունդով Հալեպի մոտ գտնվող ալ Աթարիբ փոքր քաղաքից: Նախկինում կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ մտնող «Սուվար ալ-Շամի» բրիգադի կազմում։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելուց հետո մեկնել է այնտեղ՝ պատերազմելու Ադրբեջանի համար։ Սպանվել է հակամարտության առաջին օրերին»։

Ինչպես նշում է թերթը, թեև Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝  Լեռնային Ղարաբաղում զոհվել է Սիրիայի 134 քաղաքացի, իրենց աղբյուրները հաղորդում են շատ ավելի մեծ կորուստների՝ 185 զոհերի մասին։

Թերթը նշում է, որ իրենց հաջողվել է մանրամասներ պարզել սիրիական Իդլիբում գրոհայինների հավաքագրման համակարգի և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու պայմանների մասին։ Թերթի տվյալներով՝ գործընթացին մասնակցել են միանգամից մի քանի մարտական խմբավորումներ Իդլիբում և Հարավային Թուրքիայում։

«Նովայա գազետա» -ն նեկայացրել է այն սիրիացի հրամանատարների անունները, որոնք անմիջականորեն ներգրավված են հավաքագրմանը։

  • Մուստաֆա Սեյջարի- Թուրքիայի հովանու ներքո ձևավորված «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկը, որն ավելի վաղ ներկայացնում էր Հյուսիսային Սիրիայում «Մուտասիմ» մարտական բրիգադը,
  • Աբու Ամշա- «Սուլեյման Շահ» բրիգադի առաջնորդն է,
  • Սեիֆ Աբու Բաքր- «Համզա» բրիգադի առաջնորդն է,
  • «Սուլթան Մուրադ» բրիգադի հրամանատարները:

«Վարձկաններին առաջարկվում են գրավիչ պայմաններ՝ ամսական 1800 դոլար աշխատավարձ, որը նա կստանա վերադարձից անմիջապես հետո։ Չվերադառնալու դեպքում նրա ընտանիքը կստանա այդ գումարը, ինչպես նաև ևս 30 000 դոլար»,- նշում է թերթը՝ հավելելով, որ վարձկաններին ու նրա ընտանիքի անդամներին նաև խոստացել են Թուրքիայի քաղաքացիություն։

Թերթն ընդգծում է, որ ԼՂ-ում ընթացող պատերազմին հիմնականում մասնակցում են թուրքմենները՝ ենթաէթնիկական խումբ, որը բնակվում է Սիրիայի հյուսիսում։

«Պատմականորեն նրանք հավատարիմ են Թուրքիային, և նրանցից շատերը հավատում են «երկնագույն հայրենիքի» գաղափարին։ «Երկնագույն հայրենիքի» դոկտրինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2006թ.- ից ի վեր պաշտոնապես հայտարարված և իրականացվող արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որը վկայակոչում է Օսմանյան կայսրության փառքը։ Ինչպես հայտնի է, օսմանները վերահսկում էին Միջերկրական ծովից դեպի Սև ծով տանող ծովային ճանապարհները, ինչպես նաև նրանց միջև ընկած հողերը, այդ թվում՝ Ղրիմը»,- գրում է թերթը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ