Թոշակի անցած բարձրաստիճան սիրիացի զինվորական զանգեց ինձ և ասաց. «Պատրաստ եմ 50 տարվա զինվորական կրթությունս ծառայեցնելու այս պատերազմին, օգնելու հայ ժողովրդին». Ժիրայր Ռեիսյան

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով` ինքը պատրաստվում է առաջիկա օրերին` Դամասակոսում խորհրդարանական օրերը սկսվելուն պես բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի հարցը: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց` իսկ մինչ այդ նա Հալեպում անընդհատ զգում է արաբ ժողովրդի աջակցությունը:

«Շատ զգացված եմ, որ տեղացի արաբներն իսկապես իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին, հայտնում են իրենց պատրաստակամությունը գնալ անգամ ղարաբաղյան ճակատ և իրենց մասնակցությունն ունենալ պատերազմում»,- ասաց նա:

Նա պատմեց, որ իրեն այսօր անգամ զանգել է նոր թոշակի անցած բարձրաստիճան զինվորական և հայտնել իր աջակցությունը: «Ասաց` «Ժիրայր, ես տղամարդու խոսք եմ ասում, որ պատրաստ եմ հիսուն տարվա զինվորական կրթությունս ծառայեցնելու այս պատերազմին, օգնելու հայ ժողովրդին»,- ասաց նա`նշելով, որ Սիրիայի ժողովուրդը մեծամասամբ հայամետ տրամադրություններ ունի,- հայտնում են իրենց աջակցությունը թե՛ հայտարարությունների տեսքով, թե՛ գործով, եթե դրա կարիքը կա»:

Ժիրայր Ռեիսյանի խոսքով` հայերի նկատմամբ համակրանքը պայմանավորված է նրանով, որ այստեղ նրանք մեծ հարգանք են վայելում, դրան գումարվում է այն, որ հայ ժողովուրդը միշտ է երախտապարտ եղել Սիրիայի ժողովրդին:

«Ցեղասպանության մասին շատ լավ գիտեն տեղացի արաբները: Հետևաբար, այսօր երբ նորից հայ ժողովուրդը պայքարում է թուրքի և թուրքի հարազատ Ադրբեջանի դեմ, տեղացի արաբը պատմության կրկնություն է տեսնում»,- ասաց նա:

Ըստ նրա, Սիրիան Թուրքիայի անմարդկային քաղաքականությունն իր կաշվին է զգացել իր դեմ պատերազմի ժամանակ: «Այդպես նրանք ոչ միայն պատմությամբ են ծանոթ թուրքին, այլ նաև իրենց կյանքում: Նրանք Թուրքիայի պատճառով երկրի տնտեսության անկումն են տեսել, տարածքային կորուստներ են տեսել: Թուրքիան ֆինանսավորեց, աջակցեց, սահմաններ բացեց տարբեր ծայրահեղականների առջև»,- ասաց նա` նշելով, որ այսօր էլ սիրիական բանակը մենակ կանգնած է իր երկրի ներս խուժած թուրքական բանակի դեմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ