Բելառուսում ցույցերի ժամանակ ձերբшկшլվшծ 25-ամյա տղամարդ է մшհшցել

Բելառուսի իշխանությունները հաստատել են, որ ոստիկանության կողմից ձերբակալված 25-ամյա տղամարդ է մահացել: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:

Ալեքսանդր Վիխորին ձերբակալել են օգոստոսի 10-ին Գոմել քաղաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Նրա մայրը հայտնել է, որ տղան սրտի հետ կապված խնդիրներ ուներ, և ժամեր շարունակ նրան պահել են ոստիկանական մեքենայում, վիճակն էլ վատացել է:

Վիխորի մայրը նաև ասել է, որ ոստիկանություն իրեն ոչ մի տեղեկություն չի տվել տղայի մասին: Նա տղայի մահվան մասին իմացել է միայն օգոստոսի 12-ին:

«Ես նրան այս բոլոր օրերի ընթացքում փնտրում էի: Ինձ ոչ մի բան չէին հայտնում: Այսօր ինձ գրեցին, որ Սաշան դիահերձարանում է», – ասել է մահացած ցուցարարի մայրը:

Մոր խոսքով՝ Ալեքսանդրը ցույցերին չէր մասնակցում, նա գնում էր ընկերուհու մոտ:

Onliner-ի տվյալներով՝ ցուցարարին դատարանի որոշմամբ վարչական պատասխանատվության են ենթարկել: Դատից հետո նրա ինքնազգացողությոնը վատացել է, և տղամարդուն հոսպիտալացրել են, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Ցույցերի ժամանակ մահվան առաջին դեպքը հաստատվել էր երկուշաբթի օրը, երբ Բելառուսի ոստիկանությունը հայտնել էր, որ ցուցարարներից մեկի ձեռքում պայթուցիկ է պայթել: Ընդդիմության աջակիցները այլ վարկած են առաջ քաշում՝ նշելով, որ ցուցարարը մահացել է ոստիկանների բացած կրակից:

Հիշեցնենք՝ Բելառուսում բողոքի ակցիաներ են սկսվել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձավ նախագահ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ