![]()
Հոկտեմբերի 27-ի արյունոտ կրակոցները չերաշխավորեցին Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանության հաստատումը` չնայած Մոսկվան արդեն ամբողջովին վերահսկում էր Հայաստանի ներքաղաքական կյանքը և վստահության ռեսուրս ունեցող առաջնորդների սպանությունից հետո, ըստ էության, փորձարկում էր մեր` փլատակի վերածված քաղաքական համակարգի տարբեր սեգմենտների «կենսունակությունը»:
Խորհրդարանական արյունոտ դրամայից հետո երկրում, ըստ էության, երկիշխանություն հաստատվեց: Մի կողմից Ռոբերտ Քոչարյանը հետևողականորեն փորձում էր դուրս գալ «անգլիական թագուհու» կարգավիճակից, մյուս կողմից` Երկրապահի և բանակի գեներալիտետը համախմբվել էին վարչապետ նշանակված Արամ Սարգսյանի` Սպարապետի եղբոր շուրջը, և փորձում էին հետամուտ լինել «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանը` հրապարակավ հասկացնելով, որ իրենց կասկածների սլաքն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի կողմը: Հենց այս հարթության վրա առաջանում են մի քանի սկզբունքային հարցեր:
Ինչո՞ւ չբացահայտվեց ոճրագործությունը, եթե նախաքննության մարմինը ղեկավարում էր Սարգսյանների ընտանիքի և Երկրապահի ղեկավարության վստահությունը վայելող Գագիկ Ջհանգիրյանը: Միանգամից պարզաբանենք, որ, հանցագործությունը, ըստ էության, բացահայտված է, պարզապես հրապարակայնացված չեն կազմակերպիչների անունները, որովհետև փորձառու Գագիկ Ջհանգիրյանը, ըստ ամենայնի, մոտիկից գիտեր Երկրապահի ղեկավարության որակը և վստահ էր, որ երկիշխանությունը չի ավարտվելու նրա հաղթանակով: Գագիկ Ջհանգիրյանն իրեն չէր կարող թույլ տալ` Ռոբերտ Քոչարյանի կամ ռուսական կայսրության հաջորդ զոհը դառնալու «շռայլությունը»:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()