Վիճակը վատանում է, իսկ հյուսիսից «սեղմում» են. ընտրությունների գնալը՝ ոչնչացում. «գործակալները» փակուղում են

«Կարմիր բանակ»-ի գալուն սպասող հայաստանյան ընդդիմությունը, իսկ իրականում ռուսական գործակալների ցանցը շարունակում է իր գործունեության ակտիվացումը դեպի անադեկվատ քայլերի խորացում։

ԱԺ-ում ծեծկռտուքից անցան եթերներում ծեծկռտուքին, և ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը հասել են անասելի մակարդակի։ Իհարկե, նրանք երբեմն նաև հակառակն են պնդում, որ այդ ատելությունը գեներացնում են մերձիշխանական շրջանակները՝ մոռանալով, որ այստեղ պարզունակ մանիպուլյացիա կա։ Մենք տեսել ենք ժանանակներ, երբ իշխանական շրջանակները ուզում էին ինչ-որ բան արգելել կամ սահմանափակել, ապա դա տեղի էր ունենում համապատասխան կարգով։ Եվ այդ ժամանակ որևէ մեկը չէր կարող ասել, որ իշխանական շրջանակները իրեն ինչ-որ բան են ստիպում կամ խանգարում։ Իսկ հիմա, երբ իրենք սադրողն են ու ակտիվ ատելություն են քարոզում, սլաքներն էլ թեքելով իշխանության ուղղությամբ՝ ուղղակի հայտնվում են ծիծաղելի իրավիճակում։

Այս ամենն իրականում միանգամայն բնական է. հյուսիսից սեղմում են ու շտապեցնում։ Իրավիճակը օրերի ընթացքում ավելի ու ավելի է վատանում նախ՝ «ճակատ»-ում, հետո՝ տնտեսության մեջ։ Նրանք բոլորովին էլ դեմ չեն լինի գործը հասցնել քաղաքացիական բախումների, բառացի եղբայրասպանության։ Սա երկար շարունակվել չի կարող և մի օր ինչ-որ հանգուցալուծում պետք է ստանա, որն այս կամ այն կերպ պետք է լինի նրանց անհետացմամբ, չքվելով, անէանալով, այլապես նրանք մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության համար, որն ամենակարևոր արժեքն է ու հիմքը, առանց որի ոչինչ լինել չի կարող։

Մեր ժողովրդավարական էությունը, փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և այլն կարող են գոյություն ունենալ միայն ու միայն պետականության պարագայում, այլ դեպքում այդ ամենն ուղղակի իմաստ ու հնարավորություն չունի։

Այն, որ ՀՀ-ում այս տարրերի կյանքն ու գործը ուղիղ կապված են Մոսկվայում կատարող իրադարձությունների ու վիճակների հետ, կասկածից վեր է։ Նրանք դա չեն էլ թաքցնում՝ տարեկան մի քանի անգամ բացահայտ մասնակցելով այնտեղ կազմակերպված հաշվետվություններին։ Այս հիբրիդային պատերազմը, որ վարում են անկաշկանդ ու անթաքույց, իհարկե, ուղղված է մեր դեմ, պետականության դեմ, սակայն այն պրիմիտիվ պատերազմ չէ, քայլեր կան, որոնք հազար անգամ հաշվարկվել են, նոր կիրառվել։

Այնուամենայնիվ, նրանք երկու հանգամանք կարծես լավ չեն հաշվել։ Այդ երկու հանգամանքը շատ որոշիչ են, ու երկուսն էլ կապ ունեն հայ ժողովրդի հավաքական իմաստունության ու երիտասարդ սերնդի գաղափարների հետ։

«Կարմիր բանակ»-ի գալը գնալով հետաձգվում է, և այն երկիրը, որը պատերազմում է նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետությունների անկախության համար, այդ բանակի հնարավորությունները ամեն ամիս ավելի է նվազեցնում։ Սա նշանակում է՝ ՀՀ-ում գործող ռուսական ագենտուրան ավելի է մարգինալանում ու ջղաձգվում, դրա համար էլ ծեծկռտուքն ու անհանդուրժողականությունը մեծանում են։ Երկրորդ հանգամանքն այն է, որ նրանք իրենց մարգինալ պնդումներով, օրինակ՝ ադրբեջանցիների գալը, Նիկոլ Փաշինյանի թուրքերին ծառայելը և այլն, կամաց-կամաց իրենց դեմ քրգործերի տրցակներն են հարստացնում։

Մի բան է, երբ դու նախընտրական փուլում հայտարարում ես, որ այս իշխանությունները ծառայում են թուրքին, մեկ այլ բան, երբ դու այդ հայտարարությունները անդադար կրկնում, պնդում ես, հետո իբր առաջացնում ես արհեստական դիլեմա՝ կա՛մ թուրքի տակ ենք մտնում, կա՛մ ռուսի։ Առաջին հայացքից պրիմիտիվ դիլեմա է, ընտրության հարց, պատմական էլ հազարավոր օրինաչափություններ ու օրինակներ կարող ես բերել, սակայն հենց մի քիչ խորն ես նայում իրավիճակին, որոշ ժամանակ անց, երբ վստահաբար որևէ թուրքական ոչինչ ՀՀ-ում չի լինելու՝ բացի սովորական առևտրից ու ճանապարհների բացվելուց, ապա հստակ հարց է առաջանալու՝ իսկ արդյոք ոմանց գործունեության մեջ ՀՀ դավաճանության հստակ հիմքեր չկա՞ն, և արհեստական թուրքացումը ուղղակի պատրվակ չէ՞ր արդարացնելու ՀՀ պետականության ոչնչացումը։

Փաստացի մենք այսօր ունենք քաղաքական կուսակցությունների ու դեմքերի հստակ հայտարարություններ, որ ՀՀ-ն պետք է լինի ՌԴ կազմում, ենթակայության տակ, միութենական պետության կազմում և այլն։

Նոր Սահմանադրության նախագիծը այս հակապետական ընդդիմության համար կարևորվելու նոր հնարվորություն դարձավ։ Նրանք իրենց ձայների ու տեղերի կարևորությունը զգացին։ Հասկացան, որ ներսում էլ, դրսում էլ կարող են ակտիվանալ ու արժեք ստանալ։ Մոսկվայում կասեն՝ տեսեք՝ պայքարում ենք։ Հիմա, բնականաբար, թատրոն կխաղան մինչև վերջ, քանի որ լավ հասկանում են՝ եթե արագ համաձայնեն ու գնան ընտրությունների, ավելի արագ կոչնչանան, իսկ չհամաձայնելով ալիևյան, թուրքական և այլ թատերական վերնագրերով ներկայացումները կպահեն մինչև վերջ։ Հետևաբար մենք առաջիկայում ականատեսը կլինենք այս ներկայացումների երկարաձգմանը։

Եթե թուրքացման արհեստական երկընտրանքը հանում ենք, ինչը կապացուցվի նաև ժամանակի մեջ, ապա տակը կմնա չոր դավաճանությունը։ Սահմանադրությունն էլ կընդունվի, մարդկանց կյանքում փոփոխություններն էլ կերևան (տնտեսական արդյունքները հենց դրա մասին են խոսում), անվտանգության հարցերն էլ կհստակեցվեն, և մարդիկ կհասկանան, որ դրանք բոլորը արհեստական օրակարգեր էին։ Իսկ այն սերունդը, որը գալու է ապագայում, այդ ամենը հաստատ նկատելու է ու գնահատի, ինչպես կարգն է։ Այս ամենին տրվելու է համապատասխան գնահատական, այդ լյուստրացիան անխուսափելի է, և դրանով անցել են նաև այն երկրները, որոնք ևս եղել են խորհրդային ամենակարող մամլիչի տակ։ Առանց այդ լյուստրացիայի չի կարող լինել իրական անկախություն, քանի որ պետականության պաշտանմունքը անկախության համար հիմնարար է, իսկ պետականության նկատմամբ ոտնձգությունները՝ ամենամեծ հանցանքը։

Օտար պետությունների գործակալական ցանցը պետք է հստակ հասկանա, որ եթե այսօր իրենց չեն կպնում, դա խիստ ժամանակավոր է։ Իհարկե, իդեալում նրանք նման միտք հայտնել անգամ չպիտի կարողանային, և շատ երկրներում հենց այդպես է, սակայն անցումային դեմոկրատիաներում լինում են նման իրավիճակներ, որ ազդեցության գործակալներին միանգամից վերացնել չի հաջողվում, և նրանց նկատմամբ դատավճիռները կայացվում են հետո։ Դա չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք նրանց ամենօրյա հակապետական գործունեությունը։ Նրանք ամեն օր պետք է զգան, որ նախ իրենք ցուցակագրված են, իրենց բոլորը ճանաչում են, իրենց բոլոր քայլերը հաշվում ենք ու գիտենք՝ ինչ են անում։ Դրանով նաև իրենք թուլանում են, հետո պետք է հասկանան, որ իրենց տերերի թուլացումը անխուսափելիորեն բերելու է իրենց պատասխանատվությանը օրենքի ողջ խստությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ