![]()
Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում:
Կինոմիության 16-րդ համագումարը, որի օրակարգում նախագահի ընտրությունն է եղել, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին։
«Սա Հայաստանի կինոգործիչների միության 105 անդամների միաձայն որոշման արդյունքն էր։
Հայաստանի կինոգործիչների միության անդամ են 158 ստեղծագործող, որոնցից 16-րդ Ժողովին մասնակցում էր 105-ը, և բոլորի միաձայն ցանկությամբ և որոշմամբ է, որ Հարություն Խաչատրյանը կշարունակի ղեկավարել կինոգործիչների միությունը։
Ժողովի պատվիրակներին ներկայացվեցին 2022-26 թվականներին կատարված աշխատանքների ինչպես բովանդակային, այնպես էլ ֆինանսական հաշվետվությունները, որոնք արտացոլեցին այն ահռելի աշխատանքը, որն իրականացվել է 2022-2026 թվականներին Հայաստանի կինոգործիչների միությունում։
Դրանք վերաբերում են թե կինոյի տան դահլիճների արդիականացմանը, թե կինոմշակութային միջավայրերի ստեղծմանը, թե կինոպրեմիերաներին ու կինոցուցադրումներին, թե հայաստանյան և միջազգային համագործակցություններին, թե կրթական ծրագրերին, թե տեխնիկական վերազինումներին, թե միության ցուցահանդեսային հարթակի գործունեությանը, թե կինոոլորտում ստեղծագործող մարդկանց, թե կինոոլորտի օրենսդրական և այլ քննարկումներում կինոյի շահերի պաշտպանությանը։
Մի կողմից թե բովանդակային, թե ֆինանսական հաշվետվություններում արտացոլվածն այնքան խոսուն էր, որ կինոմիության անդամները դրանք ընդունեցին և հաստատեցին միաձայն քվեարկություններով, մյուս կողմից դրանք քաջ ծանոթ էին միության անդամներին, որովհետև թե պարբերաբար ներկայացվել են որպես տարեկան հաշվետվություններ, թե միության անդամներն այս կամ այն ձևաչափով մասնակից են եղել կատարվածին։
Հայաստանի կինոգործիչների միության 16-րդ Ժողովն ընտրեց նաև Կինոմիության Վարչության և վերստուգող հանձնաժողովի անդամներին։ Վարչությունը՝ Ժողովի որոշմամբ ձևավորվեց որպես՝ ի պաշտոնե պրոֆեսիոնալ գիլդիաների նախագահներից և ևս միության չորս անդամից կազմված մարմին։
Հայաստանի կինոգործիչների միությունում բացվեց նաև միության անդամ կինոնկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը (կայացավ ցուցահանդեսի փակ նախադիտումը, որը), որը հաջորդ շաբաթվանից բաց կլինի հանրության համար»,- ասվում է միության հաղորդագրության մեջ։
![]()