![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8 համայնքապետ դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ։
Այս մասին տեղեկություններն առկա են Datalex.am կայքում։
Դատարան են դիմել․
Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը, Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը։
Հայցերի համար հիմք է հանդիսացել Յոլյանի՝ հոկտեմբերի 29-ի հետևյալ ելույթը․ «Ես մի փոքր ուսումնասիրել եմ՝ ինչքա՜ն ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում՝ կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման, անորակ ասֆալտապատման աշխատանքներով։
Ընտանիքներով (քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր)… բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով։ Եվ ի՞նչ ա տեղի ունենում. ասֆալտը իրականացնում են, մի ամիս հետո քանդվում է։
Բավականին շատ հետաքննական նյութեր կան, հրապարակումներ կան, հոդվածներ կան։ Հարց է առաջանում՝ ինչի որևէ անգամ Քննչական կոմիտեն սերիալ չի նկարահանում, Հակակոռուպցիոն կոմիտեն մարտաֆիլմ չի նկարահանում, որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ։ Իսկ այն ինստիտուտը, որը պատասխանատու է էս ամեն ինչի համար, էս հանցավոր անգործության մատնված խոսել էդ կոռուպցիոն սխեմաների մասին, լռում է։
Բոլորը գալիս են էստեղից խոսում են թալանից, չգիտեմ՝ ինչից…։ Դուք ձեր մասին խոսեք»։
Հայցերը գրեթե նույնաբովանդակ են՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, ներողություն խնդրելու պարտավորեցում և ոչ նյութական վնասի փոխհատուցում։
![]()