Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն ՀՀ պատմության ամենաթուլակամ ղեկավարն է, այլ նաև ամենաանսկզբունքայինը․ Ռուբինյան

«Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը 1994 թվականին, ճիշտ այնպես, ինչպես այսօր ներկայացրին նոր Սահմանադրության նախագիծ, որի նախաբանում որևէ հղում չկար Անկախության հռչակագրին։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր այն ժամանակվա ընդդիմությունը դեմ էր այդ նախագծին, որովհետև դրանում չկար հղում Անկախության հռչակագրին, և ճիշտ այնպես, ինչպես այսօր այն ժամանակվա իշխող թիմը չէր ուզում դա ներառել նախաբանում, որովհետև կարծում էր, որ ակտուալություն կորցրած կետերին հղում կատարելը նախաբանում սխալ է, և որ նաև այսպիսով հավերժական հակամարտության փիլիսոփայություն կդրվի Սահմանադրության նախաբանում»։

Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մանրամասնելով․

«Ճիշտ այնպես, ինչպես այսօր այն ժամանակվա իշխող ուժը չուներ անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը խորհրդարանում, և ճիշտ այնպես, ինչպես այսօր այն ժամանակվա երկրի ղեկավարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձում էր համոզել ընդդիմությանը չխոչընդոտել հանրաքվեի անցկացմանը և որոշումը թողնել ժողովրդին։ Նա նույնիսկ առաջարկում էր միաժամանակ երկու նախագիծ դնել հանրաքվեի՝ մեկը իր նախընտրածը առանց Անկախության հռչակելու, մյուսը՝ ընդդիմության ներկայացրած այլընտրանքային տարբերակը, և խոստանում էր, որ եթե հաղթի ընդդիմության ներկայացրած տարբերակը, ինքը հրաժարական կտա։

Բայց այստեղ պատմական զուգահեռներն ավարտվում են, որովհետև պարզվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի պատմության ամենաթուլակամ ղեկավարն է, և տեղի տվեց ոչ թե ընդդիմությունը, այլ ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ի վերջո, Սահմանադրության նախաբանում ներառվեց Անկախության հռչակագրի հղումը՝ իր բոլոր հետևանքներով, և Սահմանադրությունը այդպես դրվեց հանրաքվեի։

Եվ 2026 թվականին, երբ ունենք նույն իրավիճակը, Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն հակաանկախական ընդդիմադիրների շարքերում է և մեզնից պահանջում է անել այն նույն բաները, ինչ իրենից էին պահանջում այն ժամանակվա ընդդիմադիրները, և ինչը ինքը համարում էր սխալ, որովհետև պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության պատմության ամենաթուլակամ ղեկավարն է, այն նաև ամենաանսկզբունքայինը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ