Շախ ընդդիմությանը

Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը կանգնեցրել է քաղաքական բարդ և խորամանկ ընտրության առաջ, որի բովանդակությունը շատ ավելի լայն է, քան նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը։ Նոյեմբերի 18-ին նա Ազգային ժողովում հայտարարեց, որ իշխանությունը մտադիր չէ հրաժարվել սահմանադրական փոփոխությունների օրակարգից, և եթե ընդդիմությունը շարունակի խոչընդոտել այդ գործընթացին, իշխանությունը կփորձի հանրային ճնշմամբ փոխել նրա դիրքորոշումը կամ քաղաքական զարգացումներն ուղղել այնպես, որ ներկայիս ընդդիմադիր ուժերն այլևս չլինեն հաջորդ խորհրդարանում։

Երեկ և այսօր Փաշինյանը ներկայացրեց իր խոստացած առաջարկը։ Ընդդիմությունը, որը մշտապես պահանջում է իր հրաժարականը, հնարավորություն է ստանում հասնել դրան՝ աջակցելով նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացին։ Եթե քաղաքացիները մերժեն նախագիծը, վարչապետը խոստանում է հեռանալ։ Եթե հավանություն տան, նա նախ կստորագրի և կվավերացնի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, կիրականացնի խաղաղության օրակարգի մի շարք քայլեր, ապա հրաժարական կտա։

Փաշինյանը՝ ընդդիմությանը դնում է բարդ իրավիճակում։ Եթե ընդդիմադիր պատգամավորները կողմ քվեարկեն հանրաքվեի անցկացմանը, նրանք փաստացի հնարավորություն կտան, որ հասարակությունը որոշի նոր Սահմանադրության ճակատագիրը։ Եթե դեմ քվեարկեն, իշխանությունը կփորձի նրանց ներկայացնել որպես խաղաղության օրակարգը խոչընդոտող ուժեր։ Այսպիսով, Փաշինյանը հանրաքվեի շուրջ քաղաքական պատասխանատվության մի մասը տեղափոխում է ընդդիմության դաշտ՝ միաժամանակ հայտարարելով, որ ինքը հետքայլ չի անելու։

Բայց Փաշինյանի առաջարկի ամենահետաքրքիր կողմը, թերևս, ոչ թե վարչապետի հրաժարականի խոստումն է, այլ այն քաղաքական իրավիճակը, որի մեջ հայտնվել է ընդդիմությունը։

Տարիներ շարունակ ընդդիմադիր ուժերի գլխավոր քաղաքական պահանջը եղել է Փաշինյանի հեռացումը։ Նրանք այդ պահանջը ներկայացրել են որպես երկրի փրկության, պետականության պահպանման և քաղաքական փոփոխության անհրաժեշտ պայման։ Եվ ահա հիմա, երբ վարչապետն ինքը հրաժարականի հնարավորությունը կապում է հանրաքվեի արդյունքի հետ, ընդդիմությունը կանգնում է իր իսկ քաղաքական կարգախոսների իրական բովանդակությունը ցույց տալու անհրաժեշտության առաջ։

Եթե Փաշինյանի հեռացումն իսկապես նրանց համար առաջնային նպատակ է, ապա ինչո՞ւ պետք է վախենան այնպիսի գործընթացից, որի վերջնական որոշումը պատկանում է ժողովրդին։ Եթե վստահ են, որ հասարակությունը դեմ է նոր Սահմանադրությանը, ապա հանրաքվեն նրանց համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն՝ իրենց պնդումները փաստարկելու և քաղաքական հաղթանակ արձանագրելու համար։

Իսկ եթե ընդդիմությունը հրաժարվում է նույնիսկ այդ հնարավորությունից, ապա առաջանում է տրամաբանական հարց։ Ո՞րն է ընդդիմության իրական նպատակը՝ Փաշինյանի հեռացման պահանջը մշտապես օրակարգում պահելով քաղաքական ներկայացումներով խորհրդարանում գոյատևելը, թե՞ այդ պահանջը իրական քաղաքական գործընթացի վերածելը։

Իհարկե, ընդդիմությունն իրավունք ունի չվստահելու Փաշինյանի խոստումներին։ Քաղաքական գործչի հայտարարությունը իրավական երաշխիք չէ, իսկ վարչապետի հրաժարականի մեխանիզմը պետք է հստակեցվի։ Բայց անվստահությունը չի կարող դառնալ ցանկացած քաղաքական առաջարկ մերժելու համընդհանուր արդարացում։ Եթե ընդդիմությունը համարում է, որ առաջարկը մանիպուլյացիա է, ապա պետք է ոչ միայն մերժի այն, այլև ներկայացնի սեփական ճանապարհային քարտեզը՝ ինչպես է պատկերացնում հանրաքվեն, սահմանադրական գործընթացը և իշխանափոխությունը։

Այստեղ ընդդիմության խնդիրը շատ ավելի խորն է։ Խնդիրն այն է, որ քաղաքական ուժը, որը հավակնում է փոխել իշխանությունը, պետք է կարողանա ոչ միայն ասել՝ ինչին է դեմ, այլև ցույց տալ՝ ինչի համար է և ինչ է առաջարկում դրա փոխարեն։ Հակառակ դեպքում այն շարունակում է մնալ բողոքի հարթակ, այլ ոչ թե իշխանության իրական այլընտրանք։

Փաշինյանի առաջարկը, անշուշտ, զերծ չէ քաղաքական հաշվարկից։ Նա իր համար շահավետ օրակարգ է ձևավորում՝ ընդդիմությանը դնելով ընտրության առաջ։ Բայց քաղաքականության մեջ նման իրավիճակներում վճռորոշը ոչ թե այն է, թե ով է առաջարկել խաղի կանոնները, այլ այն, թե ով է կարողանում դրանց դիմաց ներկայացնել համոզիչ հակափաստարկ և սեփական օրակարգ։

Ընդդիմությունը կարող է մերժել այս առաջարկը։ Դա նրա քաղաքական իրավունքն է։ Բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինի պատասխանել մի պարզ հարցի՝ եթե ոչ այս ճանապարհով, ապա ինչպե՞ս։ Եթե ոչ հանրաքվեով, ապա ի՞նչ այլընտրանք է առաջարկում հասարակությանը։ Եվ եթե իր նպատակը շարունակում է մնալ Փաշինյանի հեռացումը, ապա ինչո՞ւ է խուսափում մի գործընթացից, որը կարող է այդ հարցը վերադարձնել հենց քաղաքացիների որոշման դաշտ։

Այս պահին ընդդիմության համար ամենամեծ վտանգը ոչ թե Փաշինյանի առաջարկն է, այլ սեփական քաղաքական հակասության մեջ հայտնվելը։ Տարիներ շարունակ պահանջել իշխանափոխություն, բայց երբ առաջանում է այդ պահանջը քաղաքական ճանապարհով իրագործելու հնարավորություն, չկարողանալ ներկայացնել հստակ պատասխան՝ սա արդեն պարզապես մարտավարական սխալ չէ։ Սա քաղաքական հավակնության և իրական քաղաքական կարողության միջև եղած տարբերության բացահայտումն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ