![]()
«Վիրավորանքը սուբյեկտիվ բան չէ, օբյեկտիվ է: Օրինակ՝ ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, չէ՞, որ ասենք՝ չի կարելի այստեղ կանգնել և մեկին ասել՝ սրիկա․ դա օբյեկտիվորեն վիրավորանք է: Բայց մարդուն իր ավազանի անունով դիմելը կամ իր հոգևորական անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ, դա քաղաքական կամ գուցե նույնիսկ եկեղեցական դիրքորոշման հարց է»:
Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ կաթողիկոսին ավազանի անունով կոչելը ընկալում են որպես վիրավորանք կամ պրովոկացիա:
«Հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ, օրինակ, ձեր նշած անձին ամեն անգամ, երբ եկեղեցական անունով դիմեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է, և հետևաբար իրեն հնարավոր չէ դիմել այդ անունով, դա էլ համարի պրովոկացիա:
Ես առաջարկում եմ չգնալ այդ ճանապարհով, և, այո՛, դուք բոլորդ արդարացիորեն կարող եք և պետք է ակնկալեք, որ այս ամբիոնից չհնչի վիրավորանք, և ես ամեն ինչ կանեմ, որ այդպես լինի, բայց եկեք համաձայնենք՝ վիրավորանքն այն է, ինչն օբյեկտիվ է:
Ինչը քաղաքական դիրքորոշման հարց է, դա արդեն վիրավորանք չէ: Չի կարող ի բնե մեկին իր ավազանի անունով դիմելը համարել վիրավորանք: Կարո՞ղ եք դուք դրան համաձայն չլինել, այո՛, ձեր իրավունքն է, բայց խնդրում եմ նիստերը չխաթարել»,- ընդգծել է Ռուբինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()