![]()
Երեկ՝ օգոստոսի 6-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի գերեզմաններում դի կա։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։
Քրեական ոստիկանները գերեզմանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Սամվել Ա-ի դին, իսկ կողքին՝ հրազեն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերվել է մահացածի ծնողներից շիրիմների մոտ, հայտնաբերվել է նաև նամակ, որում մասնավորապես գրված է․ «Ներս չմտնեք, ոչ մի բանի ձեռք չտաք, զանգեք ոստիկանություն՝ 02 համարին»։
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
![]()