ԱԺ-ն քննարկում է Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ինչ է սպասվում

Ինչպես հայտնի է, նորընտիր Ազգային ժողովը քննարկում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը:

Երեկ՝ օգոստոսի 6-ին, իշխող «Քաղաքացիական պայնանագիր» խմբակցության պատգամավորները հարցեր էին հղում նրան: Այսօր՝ օգոստոսի 7-ին, պատգամավորները հանդես են գալու ելույթներով:

Լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանից հետաքրքրվել էին՝ արդյոք իշխող ուժը պատրաստվո՞ւմ է կողմ քվեարկել Վարդևանյանի թեկնածությանը:

Մանավազյանը հայտնել էր, որ խմբակցությունը դեռ որոշում չունի, պետք է քննարկեն: Միաժամանակ իշխող խմբակցության ղեկավարը շեշտել էր, որ Վարդևանյանը հարցերին խուսափողական և մանևրային պատասխաններ է տալիս:

Վարդևանյանի խուսափողական պատասխաններ տալը հարցեր հղելու ժամանակ արձանագրել էին նաև իշխող ուժի այլ անդամներ՝ ԱԺ փոխնախագահի աթոռին հավակնող Վարդևանյանին բնութագրելով դերասանական տաղանդ ունեցող անձ: Ուշագրավ է, որ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել են՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 16:00-ին, գնալու են դատարան և իրենց աջակցությունը հայտնեն Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) և եպիսկոպոսներին:

Հիշեցնենք՝ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին, որը տեղի է ունենալու օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Այսպիսով, դեռ պարզ չէ՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները կմասնակցե՞ն Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությանը, թե՞ ոչ, քանի որ չի բացառվում՝ քվեարկությանը տեղի ունենա հենց այդ ժամին:

Հիշեցնենք, որ իշխող ուժից Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն արդեն ընտրվել են ԱԺ փոխնախագահներ:

Արամ Վարդևանյանը կդառնա երրորդ փոխանախագահը, եթե նրան ընտրեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ