![]()
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․ Ծ․-ն (Գագիկ Ծառուկյան) 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․ Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն:
Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․ Ծ․-ն և Գ․ Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․ Ա․-ն։
Դրան զուգահեռ 2009 թվականի կեսերին Գ․ Թ․-ն Գ․ Ծ․-ին առաջարկել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում հիմնել խմելու ջրի գործարան՝ պայմանավորվելով հողը միասին գնել Ակունք գյուղում, որից հետո Գ․ Ծ․-ն պարտավորվել է կառուցել գործարանի շենքը, իսկ Գ․ Թ․-ն՝ կազմակերպել հոսքագծի գնումը և ՀՀ տեղափոխումը:
2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Գ․ Թ․-ն ՀՀ է ուղարկել ջրերի գործարանի գործարկման համար անհրաժեշտ 19 սարքավորում, իսկ փաթեթավորման սարքավորումը սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել առաքել՝ մատակարար ընկերության դրսևորած անգործության պատճառով։
Դրանից հետո՝ 2010 թվականի օգոստոսի 17-ին, Ս․ Ա․-ն (Սեդրակ Առուստամյան) ու Գ․ Ծ․-ն (Գագիկ Ծառուկյան) խմբի կազմում, Գ․ Թ․-ին պատկանող բաժնեմասը շորթման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, Գ․ Ծ․-ի՝ Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Գ․ Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր, որոնց հիման վրա 2011 թվականի մարտի 14-ին նրա կողմից լիազորված անձ Հ․ Գ․-ի և Ս․ Ա․-ի միջև կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի մասին» պայմանագիր, որով Ս․ Ա․-ին է փոխանցվել ընկերության՝ Գ․Թ․-ի կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը` այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2.5 մլն դոլարի շորթում:
Այնուհետև Գ․ Ծ-ն և Ս․ Ա․-ն, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել ոսկյա զարդերի և ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական շրջանառություններին, իսկ ոսկյա զարդերն իրենց այլ օրինական եկամուտներին: Այսպիսով՝ օրինական գործարքի միջոցով փաստացի թաքցվել և խեղաթյուրվել է ընկերության նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումն ու իրական բնույթը՝ շորթմամբ ձեռք բերելու հանգամանքը՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Հավաքված ապացույցների հիման վրա Գ․ Ծ․-ի և Ս․ Ա-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը):
Նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթով Գ. Ծ.-ն և Ս. Ա.-ն կալանավորված են, նրանց նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
![]()