![]()
««Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու, կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Նույն հայցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։
![]()