![]()
«Հայկական ժամանակ»-ը հարցեր է հղել Հաղարծինի վանական համալիրի լուսարարապետ Տեր Տարոն քահանա Հունանյանին մամուլում և համացանցում շրջնառվող որոշ լուրերի վերաբերյալ, որոնք կապված են Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և Մայր Աթոռի հետ:
— Տեր Տարոն, լուրեր են շրջանառվում, որ 2017-2018 ուս. տարում Սևանի դպրանոցում մի ուսանող մարմնախեղել է ինքն իրեն։ Ըստ շրջանռվող այդ լուրերի՝ ուսանողը անհայտ պայմաններում ամորձահատել էր ինքն իրեն։ Նշվում է, որ տեսուչն է եղել Նշան վարդապետ Հմայակյանը, որը, ի դեպ, հիշատակված դեպքի վերաբերյալ կցկտուր հարցազրույց է տվել, և այդ հարցազրույցը օրեր անց հեռացվել է մամուլից։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այս դեպքի վերաբերյալ:
— Ցավով լսել եմ այդ մասին։ Երիտասարդ տղան տուժել էր։ Խնդիրը ավելի խորն է։ Ես տեսնում եմ, որ հոգևոր կերպար չունեցող եկեղեցական առաջնորդների և իր ածանցյալների հոգեբանությունից կամ նրանցից վերցված օրինակով երիտասարդը կարող էր սխալ հասկանալ քրիստոնեական վարդապետությունը, և դրա համար կարող են նման դեպքեր լինել։ Աստված տա՝ էլ չլինի, սակայն եկեղեցին բարեփոխման կարիք ունի, որպեզի եկեղեցականները լինեն օրինակելի։
— Ասում են, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնում, այսպես ասած, ծածկադմփոց են արել դեպքը, վիրակապել են, դրանից հետո դիմում են ստորագրել տվել և տղային հեռացրել ճեմարանից։ Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:
— Տեղյակ չեմ, երևի պետք է հիվանդանոցին նամակ գրել ու հարցում իրականացնել։ Պետք է, որ նման հարցերին նաև իրավապահ համակարգը անդրադառնա։ Այս տեսակ հարցերի պարզաբանումը դրական է անդրադառնում հետագայում նման դեպքերը կանխարգելելու համար։
— Բացի այս դեպքը, տեղեկություններ կան, որ մի քահանա մեկ այլ եկեղեցականի կնոջից սեռավարակ է ձեռք բերել։ Քահանայի կինը սա բացահայտելուց հետո ամուսանալուծվել է։ Այս քահանային Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ասել է՝ «մի մտահոգվիր, ժամանակ կանցնի, և քեզ կուսակրոնի վեղար կտամ»։ Այդ ամուսնալուծված քահանան հիմա Եվրոպայում է ծառայում և սպասում է վեղար ստանալու իր հերթին։ Այս լուրերի վերաբերյալ տեղեկություններ ունե՞ք:
— Կտրիճի՝ եկեղեցին պղծելու համար մեկ փաստն այն է, որ կաթողիկոս լինելով՝ կուսակրոնության ուխտը չի պահել։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ դեպքին, ապա ծանոթ չեմ։ Բայց այսպիսի այլ դեպքեր գիտեմ, որ Կտրիճին հաճո մարդիկ նմանատիպ զանցանքներով են անցնում, բայց ունեն նրա հովանավորչությունը։
— Ասում են նաև, որ մեծ գումարի դիմաց Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) արտոնել է, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի թոռների մկրտության կնքահայր դառնա ազգությամբ հույն մի անձ։ Նույն մկրտության ժամանակ Լորդ Արա Դարզիի դստերը հայ եկեղեցում կրկնամկրտել է։ Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:
— Վերևներում նստած մարդիկ նորմալ են համարում այս ամենը։ Ես նման դեպքերի մասին երբ լսում եմ, չեմ զարմանում։ Իսկ ինչ վերաբերում է կրկմամկրտությանը. դա ամենածանր մեղքերից մեկն է, որը կա։ Մարդը այնքան անտարբեր պետք է լինի վարդապետության հանդեպ, որ փողի դիմաց կրկնամկրտություն կատարի։ Բնականաբար, նրանց հետաքրքրության կենտրոնը շահույթն է եղել։ Այո, երևի թե նախորդ քավորը լավ չի նայել իրենց։
— Ասում են նաև, որ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի բակում կաթողիկոսն անձամբ հուղարկավորել է Ժնևի Քյուրքչյան ընտանիքի դիակիզված անդամներին։ Մինչդեռ հայտնի է, որ եկեղեցին չի հաստատել՝ արտոնո՞ւմ է դիակիզումը, թե՞ ոչ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ հարցը թողնում են առկախված, որպեսզի հնարավորություն լինի գումարով արտոնություն տալ:
— Այս դեպքի մասով վկաներ կան, մարդիկ, ովքեր տեղում ներկա են եղել։ Ճիշտ եք դիտարկում, որ եկեղեցին այս հարցերին պատասխան չի տվել, սա Կտրիճի մեթոդն է, որ ոչ մի կանոնական լուրջ հարց պատասխան չի ստանում։ Ամեն տարի ժողովներ են լինում, բայց նմանատիպ հարցերը լուծում չեն ստանում։ Փողի հարց լիներ՝ արդեն լուծել էին:
— Ըստ որոշ լուրերի էլ՝ Մայր Աթոռը Հրեշտակապետաց եկեղեցու մեջ գերեզման է ծախում։ Օրինակ՝ 500 հազար դոլարի դիմաց այնտեղ է թաղել Ջերալդ Թրբանջյանին ԱՄՆ-ից:
— Ճիշտն ասած՝ իմ ունեցած տեղեկություններով՝ 500 հազար դոլար չէր, այլ 1 միլիոն դոլար, ես այդպես էի լսել։ Ամեն դեպքում դրա մասին շատերն են խոսում, և, բնականաբար, սա իրենց բիզնես մոտեցումն է, որը հարիր չէ եկեղեցականին։
![]()