![]()
2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։
Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։
Մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՀՎԿԱԿ-ը հորդորել է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում («Lori Peak» միջոցառումների անցկացման վայր) հուլիսի 26-ին անցկացվել է միջոցառում (հարսանիք), որից մի քանի ժամ հետո մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։
![]()