![]()
Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այս պահին քննարկում չկա, քանի որ ընթանում է իրավական գործընթաց։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, և ՔՊ անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին նաև չի նսեմացնում։ Կուսակցության ներսում քննարկում չկա։ Իրավական գործընթաց է գնում։ Նման դեպքեր եղել են, երբ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»,-ասել է վարչապետը։
Անդրադառնալով Հայկ Կոնջորյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու որոշումը վերանայելու հնարավորությանը՝ Փաշինյանը նկատել է․
«Ի՞նչու պետք է վերանայվի։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքի համար։ ՔՊ-ում գործում է վերահսկող մարմին, որը անհրաժեշտության դեպքում կարող է քննել հարցը և համապատասխան եզրակացություն ներկայացնել կուսակցության վարչությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով:
Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Աբովյան քաղաքում՝ իր շքամուտքի առաջ, մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ավետ Կոնջորյանին:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը:
![]()