![]()
ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը հաստատելու մասին որոշումը։
«ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից թույլտվություն է ստացել ԵՄ երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Դա 2025 թվականին էր, իսկ 2026 թվականին Եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցեց, թե ինչ ընթացակարգեր և ինչ պահանջներ են: Այս ընթացքում բավականին աշխատանք է կատարվել, և, փաստորեն, մենք այսօր ավարտում ենք այդ աշխատանքը։
Առաջին փուլում պարզեցինք, որ, որպեսզի հնարավոր լինի արտահանման գործընթացն անխոչընդոտ կազմակերպել, նախ անհրաժեշտ էր «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում սահմանվեն համապատասխան լիազորող նորմեր՝ Կառավարության կողմից համապատասխան ընթացակարգերի և պահանջների հաստատման նպատակով։ Օրենքներն ԱԺ կողմից ընդունվել են և արդեն ուժի մեջ են մտել, որից հետո անմիջապես անցել ենք Կառավարության համապատասխան որոշումների ընդունմանը։ Որոշումներից մեկը սա է, որի մասին հիմա ներկայացնում եմ, մասնավորապես, ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգի մասին։ Մեկ այլ որոշում էլ վերաբերում է ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան, ձկնամթերքի պահպանմամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացվող պահանջներին։
Նախ նշեմ, որ այս նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին և պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ: ԵՄ երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է ձկնաբուծական տնտեսությունների, ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների՝ ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը և ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։
Համաձայն ԵՄ օրենսդրության՝ այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանվել է ՍԱՏՄ-ն։
Նախագծով սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ։
Մենք տեսել ենք այն ընթացակարգը, որը ԵՄ-ում կա, և տեղայնացրել ենք հայկական իրականության մեջ։ Ուզում եմ ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով 5 ընկերություն արդեն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է մեր որոշմանը։ Այն բարձր ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն ապահովել է։
Այս որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից և դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը։ ԵՄ ստանդարտների ներդրումը, իհարկե, կխթանի տեղական արտադրության արդիականացումը և կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունը ընդհանուր մակարդակում»,- ասաց նախարարը։
«Մենք գործողությունների ճանապարհային քարտեզ ենք մշակել, որն ինտեգրելու ենք ՊԵԿ-ի համակարգի հետ»,- ասաց Պապոյանը՝ արձագանքելով Մհեր Գրիգորյանի՝ ապրանքների հետագծելիության վերաբերյալ մտահոգությանը։
«Երկու տեսակի հետագծելիություն կա՝ ֆիզիկական շարժի և փաստաթղթերի։ Հիմա երկրորդ ուղղությամբ այս պահին շատ ակտիվ բանակցում ենք ԵՄ-ի հետ։ Նշեմ, որ ԵՄ-ում գործում է տրանզիտի թվային համակարգ։ Մենք պետք է համապատասխան համաձայնագրով միանանք դրան։ Այս պահին առաջին հայտը ներկայացրել ենք՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար, և հաջորդ քայլով կմիանանք այդ համակարգին։ Դա հնարավորություն կտա, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքների փաստաթղթերը թվային եղանակով միանգամից արտացոլվեն այդ համակարգում, և ԵՄ ներմուծողը, ինչպես նաև այնտեղի մաքսային մարմիններն արդեն տեղեկացված լինեն, թե ինչ ապրանք է Հայաստանից գալիս ԵՄ։ Սա առաջին քայլն է, որի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։ Դրան կհաջորդի ֆիզիկական շարժի հետագծելիության հարցը, որը պետք է առանձին քննարկենք և հասկանանք, թե ինչպես պետք է լուծվի ԵՄ ներսում»,- ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
![]()