![]()
Հուլիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Carrefour ցանցի միջազգային ապրանքների գծով տնօրեն Ռեժի Ֆրոդենին (Régis Fraudin, Directeur de Catégorie, Produits du monde): Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆրանսիական շուկա, մասնավորապես՝ Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի ներմուծման և իրացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել հայկական սննդամթերքի և այլ ապրանքների մրցունակության, ֆրանսիական սպառողների նախասիրությունների, ինչպես նաև շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ չափանիշների և ընթացակարգերի վերաբերյալ։
Ֆրոդեն ներկայացրել է «Carrefour»-ի գործունեության առանձնահատկությունները, մատակարարների ընտրության և արտադրանքի ներմուծման գործընթացները, ինչպես նաև ցանցի կողմից կիրառվող որակական և առևտրային պահանջները։
Դեսպան Խաչատրյանը կարևորել է ֆրանսիական խոշոր մանրածախ ցանցերի հետ համագործակցության զարգացումը՝ որպես Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման և հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացման կարևոր գործոն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ուսումնասիրել համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նպատակ ունենալով նպաստել հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը ֆրանսիական շուկայում։
![]()