![]()
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում 31-ամյա տղամարդը դրսևորել էր ագրեսիվ վարքագիծ և վնասել գույքը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութեր էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ է կատարվել եկեղեցում:
Քաղաքացին դրսևորել էր ոչ ադեկվատ վարքագիծ, սպառնացել մոմավաճառին, կոտրել ծաղկամաններն ու աղբամանները, շպրտել մոմ վառելու սեղանները, ջարդել ցուցանակներն ու գույքը:
Իր արարքը նա բացատրել էր նրանով, թե «իրեն Աստված է ուղարկել, որին ինքը տեսել է և մաքրում է եկեղեցին»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ երիտասարդը հոգեկան առողջական խնդիրներ ունի:
Տեղի ունեցածի վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել:
«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տղամարդը դրսևորում է ագրեսիվ վարքագիծ և վնասում գույքը։
Ահազանգին օպերատիվ արձագանքել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները։
Պարզվել է, որ 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, դրսևորել հակաիրավական վարքագիծ, կոտրել եկեղեցու գույքը՝ պատճառելով գույքային վնաս։
Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
![]()