Ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի պատճառով բազմաթիվ մեքենաներ արգելափակվել են. ՓԾ-ն ցուցաբերել է օգնություն

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։

Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցներն արգելափակվել են հիմնականում ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ճամփեզրյա հատվածներում հայտնվելու հետևանքով։

«Մասնավորապես՝ Սյունիքի մարզում՝ Գորիս-Հարժիս, Գորիս-Երևան, Տաթև-Լծեն, Աղվանի-Լծեն, Սիսիան-Գորիս և այլ ճանապարհահատվածներում, փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ։

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի տարբեր հատվածներում մերկասառույցի պատճառով արգելափակված 7 բեռնատար է դուրս բերվել։

Արգելափակումներից դուրսբերման աշխատանքներ են իրականացվել նաև Մարտունի-Գավառ, Ճամբարակ-Աղբերք, Վարդաղբյուր-Տաշիր, Վայք-Հեր-Հեր և այլ ճանապարհահատվածներում»,- մանրամասնել են Փրկարար ծառայությունից՝ տեղեկացնելով, որ ընդհանուր առմամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու՝ միաժամանակ վարորդներին հորդորելով երթևեկել ձմեռային անվադողերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ