![]()
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռք բերման գործում։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Floridian պարբերականը։
Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում 4-րդ գլոբալ մեդիաֆորումի շրջանակներում, բարձր է գնահատել Թրամփի վարչակազմի աջակցությունը խաղաղության գործընթացին։
Ինչպես գրում է պարբերականը, Breitbart News-ի հետաքննող լրագրող Ջոշուա Քլայնը հարցրել է Ալիևին, թե ինչ ներդրում է ունեցել Դոնալդ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում՝ ի տարբերություն ԱՄՆ նախորդ վարչակազմերի, մասնավորապես՝ Բայդենի վարչակազմի։ Ի պատասխան Ալիևը հայտարարել է, որ Թրամփի մոտեցումը սկզբունքորեն տարբերվել է իր իրավանախորդների մոտեցումներից:
«Նախագահ Թրամփի մոտեցումը այլ էր. նա խաղաղասեր մարդ է, որը կարող է խաղաղություն բերել: Ինչպես անձամբ ինքը բազմիցս նշել է, նախագահ Թրամփը վերջ է դրել ութ հակամարտության աշխարհի տարբեր անկյուններում: Այդպիսին է նրա խառնվածքը, նրա տեսլականը և նրա քաղաքականությունը: Ինչ վերաբերում է մեր հարցին (Հայաստանի հետ հակամարտությանը), ապա այստեղ նույնպես նա շատ կարևոր դեր է խաղացել: Որովհետև երբ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցությունների վերջին փուլում էին, հենց նախագահ Թրամփն ու նրա թիմն էին ստեղծել այն պայմանները, որոնք հնարավոր դարձրին խաղաղությունը»,- ասել է Ալիևը:
The Floridian-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև անդրադարձել է Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատմական հանդիպմանը և հիշեցրել, որ այս հանդիպման ընթացքում ձեռք է բերվել խաղաղության համաձայնագիր։
![]()