84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի գույքի վրա արգելանք է դրվել։

«ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների շրջանակում սահմանափակում է կիրառվել պարտապան Ա․Հ․-ին և նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող շուրջ 84 անշարժ, 59 շարժական գույքերի, 255 տրանսպորտային միջոցի, պարտապանի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց տարբեր ընկերություններում ունեցած ընդհանուր 875 բաժնետոմսի, 8 ընկերություններում 100% մասնակցությունների, 8 ընկերություններում ունեցած համապատասխանաբար 84.38%, 99.996%, 65%, 99,997%, 8,5%, 0,004%, 0,003% և 90% մասնակցությունների, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 813.347.447 ՀՀ դրամ, 20.500 Եվրո, 249.375 ԱՄՆ դոլար գումարների չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։ Միաժամանակ պարտապանին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց արգելվել է վերը նշված գույքերի և գույքային իրավունքների տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։

Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։

Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և պարտապան Ա․Հ․-ի հետ փոխկապակցված անձ՝ Փ.Խ.-ին է հանձնվել պահատվության պարտապան Ա.Հ.-ին պատկանող ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Նոյ թաղամասում գտնվող բնակելի տունը՝ արգելելով կատարել որևէ գործողություն անշարժ գույքի տնօրինման հետ։

Ա․Հ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի անվամբ գրանցված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող առևտի սրահը, 7 անշարժ գույք, 213 տրանսպորտային միջոց ևս զննվել են և հանձնվել պահատվության՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ»,- հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ