Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և կուսակցություններին նվիրատվություններ կատարելու մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։

Մասնավորապես առաջարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի գործարկմամբ ներդնել ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ: Ներկայացվել է, որ նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է ստեղծել հայտարարագրեր ներկայացնելու նոր խթաններ, նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, բարձրացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

Ընդգծվել է նոր համակարգի ներդրմամբ քաղաքական ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման կարևորությունը:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ համակարգի ներդրման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին աջակցել իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին, ինչպես նաև ապահովել ֆինանսավորման թափանցիկություն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված դիտարկումների հիման վրա ներկայացված նախագիծը բերել վերջնական տեսքի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ