Հայազգի Գևորգ Գրիգորյանը ՌԴ-ում դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման՝ ռազմական «ֆեյքերի» համար

Զինվորական դատարանը Հայաստանում ծնված, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող 23-ամյա Գևորգ Գրիգորյանին դատապարտել է 9,5 ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։

Երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել համացանցում նրա գրած մեկնաբանությունների պատճառով, հայտնում է «Медиазона»-ն:

Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ռազմական «ֆեյքեր» տարածելու, նացիզմն արդարացնելու, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության կոչեր անելու մեղադրանքներով։

Նշվում է, որ երիտասարդին ձերբակալել են 2025 թվականի հունիսին, որից հետո նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Քրեական հետապնդման առիթ են դարձել հայկական առցանց հարթակներում արված մեկնաբանությունները, որոնցում Գրիգորյանը, մասնավորապես, գրել է, թե «Հիտլերը պետք է նրանց բոլորին ոչնչացներ», և որ Ուկրաինայից հետո ռուսական զորքերը կարող են մտնել Հայաստան։

Գրիգորյանի ծանոթը պատմել է, որ նա նման մեկնաբանություններ է թողել՝ վրդովված լինելով այն հանգամանքից, որ 2023 թվականին Ղարաբաղի պատերազմի ժամանակ Ռուսաստանը Հայաստանին օգնություն չի ցուցաբերել։

Ռուսաստանի քննչական կոմիտեն ձերբակալությունից հետո պնդել է, որ Գրիգորյանը վիրավորական ձևակերպումներով մեկնաբանություններ է հրապարակել և բացահայտ աջակցել նացիստական գաղափարախոսությանը։

Սկզբում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել նացիզմն արդարացնելու և ատելություն հրահրելու համար, ավելի ուշ մեղադրանքների շրջանակն ընդլայնվել է, և 2026 թվականի օգոստոսին գործի նյութերը փոխանցվել են զինվորական դատարան։

Պետական մեղադրողը նրա համար պահանջել է տասը տարվա ազատազրկում։ Նշվում է, որ Գրիգորյանն ընդունել է մեղքը և զղջացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ