Կասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ոսկե Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) իրականացված վերահսկողության շրջանակներում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթ պարունակող մթերք Չանախ» (արտադրված՝ 15․06․26թ․) արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և S. Aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ) ցուցանիշներով, «Պանիր Լոռի» (արտադրված՝ 21․05․26թ.), «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» (արտադրված՝ 14․06․26թ․) նմուշները՝ ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք Չանախ», «Պանիր Լոռի», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ