Պուտինը ցանկանում է իր շնորհավորական ուղերձը վաճառել ՀՀ-ին. ՌԴ-ն այսօր այն պետությունը չէ, որին ՀՀ-ն պետք է գնա զիջումների. Դավիթ Ստեփանյան

«Այն, որ ընտրությունների արդյունքները Ռուսաստանի սրտով չեն՝ միանշանակ է: Նրանք հույս ունեին, որ իշխանափոխություն է լինելու, այդ հույսերը չեն արդարացել և դա սպասելի էր: Իրենք ունեն բավական լավ արդյունք, իրենց հինգերորդ շարասյունը հայտնվել է խորհրդարանում և ընդդիմության ճամբարում ունի մոնոպոլ դիրք»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Թե ինչու մինչ օրս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթելու առթիվ՝ Ստեփանյանն ասաց. «Ես համարում եմ, որ Պուտինը դադար է վերցրել, իմ կարծիքով՝ նա ցանկանում է իր շնորհավորական ուղերձը վաճառել Հայաստանին, Նիկոլ Փաշինյանին և դրա դիմաց ստանալ ինչ-որ կոնկրետ քաղաքական, տնտեսական շահ, օրինակ՝ այն բանակցությունների ընթացքում, որոնք սպասվում են իր և Փաշինյանի միջև: Ռեալ քաղաքականությունը շնորհավորանքը չէ, եթե Պուտինը նստում ու Փաշինյանի հետ բանակցություններ է վարում, դա արդեն իսկ նշանակում է, որ ինքը ճանաչում է, որ իր դիմաց նստած է ՀՀ լեգիտիմ ղեկավարը: Վստահ եմ, որ այդ շնորհավորանքն այս կամ այն տեսքով լինելու է, անպայման չէ դա նամակ լինի, ինձ թվում է հենց հանդիպման ժամանակ էլ կշնորհավորի: Հակառակ դեպքում Պուտինը վերջնականապես կկորցնի Հայաստանը, նույնիսկ բանակցություններ չի կարողանա վարել»:

Ստեփանյանի խոսքով՝ ՌԴ նախագահի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է մի երկրում, որն իրենք համարում են իրենց սեփականությունը՝ լինել ընտրություն և կարող է ընտրվել երկրի ղեկավար, իրենց կարծիքը չհարցնեն ու դա լինի ժողովրդավարության միջոցով. «Սա էլ պատճառներից մեկն է, բայց դա չի նշանակում, որ Պուտինն այդ պատճառի հետ չի մերվի և հանգիստ չի գնա բանակցությունների»:

Անդրադառնալով բանակցությունների ժամանակ ՌԴ-ի հնարավոր պահանջներին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց՝ տնտեսական լծակներ, ատոմակայանի կառուցում, երկաթուղիների հարցում ռուսական դիրքորոշում. «Իրենք ասում են՝ մենք ոչ մի բան չենք կառուցում՝ դուք էլ չպետք է կառուցեք, տարածաշրջանը չպետք է բացեք առանց մեզ, և մենք էլ պետք է դրանում ներկա լինենք, օրինակ` TRIPP նախագծում: Իրենք փորձելու են այդ դիրքորոշումն առաջ տանել, փորձ է արվելու նույնիսկ վերադառնալ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան փաստաթղթերին: Չեմ կարող ասել Փաշինյանն ինչպես կարձագանքի, բայց կարծում եմ, որ ՌԴ-ն այսօրվա դրությամբ այն պետությունը չէ, որին Հայաստանը պետք է գնա զիջումների: Այն, որ այդ բոլոր տնտեսական հարցերը Հայաստանի համար սուվերենության խնդիր են՝ ակնհայտ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ