![]()
«Սա մի բան է նշանակում, որ փորձում են հասարակության ուշադրությունը շեղել այն հարյուրավոր ընտրակաշառքի դեպքերից, որոնք կարելի է ասել՝ ապացուցված են, որովհետև մենք ունենք օրինական կարգով արված ձայնագրություններ Հակակոռուպցիոն կոմիտեից»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ երկրորդ փուլ նշանակելու «Ուժեղ Հայաստան»-ի ՍԴ դիմումին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Նշենք, որ այսօր ՍԴ է դիմելու «Միասնության թևեր»-ը, ինչպես նաև նման մտադրություն են հայտնել «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը։
Հակոբյանի խոսքով՝ դա նրանց իրավունքն է, կարող են դիմել, ՍԴ-ն որոշում կկայացնի և բոլորը պարտավորված կլինեն հետևել այդ որոշմանը. «Մեզ տրված ձայներն ամբողջությամբ համարում ենք լեգիտիմ, բայց հատկապես հաշվի առնելով ընտրակաշառքի մասին տարբեր ձայնագրություններ՝ վստահ ենք, որ ընդդիմության ստացած գերակշիռ ձայները ապօրինի են: Գնվել են մարդկանց ձայները, դրսից բերվել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներ, որպեսզի քվերակեն ու արագ ճողոպրեն մինչև ժամը 7-ը, որ եթե հանկարծ երկիրը խառնվի, իրենք այդտեղ ներկա չլինեն: Հետամուտ ենք լինելու, որ բոլոր կաշառակեր և կաշառատու սրիկաներն իրենց պատիժը ստանան»,- ասաց պատգամավորը և նշեց, որ տեր են կանգնելու ժողովրդի տված քվեին և արմատախիլ են անելու նախկին քրեաօլիգարխիկ միավորներին:
Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները՝ Հակոբյանն ասաց. «Չեմ պատկերացնում նման իրավիճակ, որովհետև բոլոր 2005 ընտրատեղամասում ընդդիմության հանձնաժողովականները ստորագրել են ընտրությունների արդյունքները, նաև ընտրատեղամասերը փակվելուց մի քանի րոպե անց «Ուժեղ Հայաստան»-ի առաջին համարն իր հորեղբոր հետ տեսանյութ է հրապարակել, որում արձանագրել են, որ իրենք հաստատ հաղթել են և որևէ անգամ չի խոսվել ապօրինի ինչ-որ ձայների մասին: Այս մարդիկ ուղղակի տեսան, որ իրենք ձայն չեն հավաքել և միլիոն ու կես քաղաքացիներ իրենց խաբել են և որոշեցին արդյունքները վիճարկել: Իրենց ճոռոմ խոսակցությունը, որ արդեն 5 պակաս վարչապետ են, փորձում են արդարացնել, թե ինչու չստացվեց»:
Հակոբյանի դիտարկմամբ՝ եթե իրենք իրոք ընտրությունները վիճարկելու անհրաժեշտություն տեսնեին, արդեն վիճարկած կլինեին. «Ընդդիմությունը մեզ նոր ընտրություններով չի վախեցնի, մենք անգամ վատագույն իրավիճակում, երբ նոր էր պատերազմն ավարտվել՝ գնացինք արտահերթ ընտրություններ և ստացանք շատ մեծ լեգիտիմություն: Մեկ-մեկ մտածում եմ, իրոք նոր ընտրություններ լինեն ու տեսնենք՝ սրանք նորից այդքան գումար են ծախսելու և էլի այդքան մարդու կարողանալու են խաբեն, որ իրենց ընտրեն»:
![]()