300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

«300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու, ես նաև բացատրել եմ, թե ինչու»:

Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե քարոզարշավի ժամանակ «մանիպուլյատիվ սուտը» մեծ տեղ էր զբաղենում:

«Մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր սուտը տարածել են: Էլի եմ ուզում ասել, որ նման թեմա ընդհանրապես, թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում: Այսինքն՝ եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ ասես կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը և խաղաղությունը բոլոր թեմաները փակում է և փակել է: Սրանում է իրողությունը»,- ասել է նա:

Անդրադառնալով ընտրակաշառքի թեմային՝ Փաշինյանն ասել է, որ լայնածավալ ընտրակաշառք է բաժանվել, և կարևորել է, թե առաջին անգամ պետությունն այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ:

«Առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է, որովհետև նախկինում երբեք չի եղել դեպք, որ այս ծավալով ընտրակաշառք բաժանվի, և ժողովրդի ձայնն արտահայտվի: Սա մի կողմից ցույց է տալիս մեր պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից ցույց է տալիս, որ այդ ճանապարհը դեռ պետք է շարունակել:

Էլի եմ ասում՝ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը այսօր այս փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն, և հատ-հատ պետք է արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով, մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- նշել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ