![]()
Նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած ավտովթարի հետ կապված Քրեական վարույթ է նախաձեռնվել և դրա շրջանակներում կքննարկվեն մանրամասները և հնարավոր կլինի հասկանալ իրական պատճառները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ մանրամասներ կան Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից:
«Շատ նախնական եմ իմ գնահատականները: Պարեկային ծառայողների կողմից շատ նախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման հետ կապված խնդիրներ է եղել մեքենայի, որովհետև առերևույթ ճանապարհներին արգելակման հետքեր չկան»,-ասաց նախարարը:
Նա նաև ընդգծեց, որ ՃՏՊ-ների հետ կապված անհրաժեշտություն կա ուժեղացված պահել պարեկային վերահսկողության ծառայությունը, ավելացնել անվտանգության բաղադրիչները, համապատասխան կահավորակները:
Սարգսյանը առանձնակի ուշադրություն դարձրեց տեխնիկական զննման խնդրին՝ ընդգծելով, որ դրանք կամ չեն իրականացվում պատշաճ մակարդակով, կամ տեխնիկական անսարքության հայտնաբերման դեպքում մեքենան չի սարքավորվում, ինչն էլ ըստ էության հանգեցնում է նմանատիպ դեպքերի:
«Կարևոր է նաև վարորդների վարքագիծը, որովհետև գիտենք, որ շատ հաճախ այս պրիզմայով ենք խնդիրներ ունենում: Սա է պատճառը, որ մենք օրենսդրական նախաձեռնություն ունենք, որ մինչև վարորդական քննությանը մասնակցելը պարտադիր լինի կրթական պրոցեսը, որովհետև մենք անվտանգային վարման մշակույթ Հայաստանում չունենք: Բոլորս վարում ենք այնպես ինչպես մեզ է հարմար, կամ այդ պահին այսպես ասած գործընթացը արագ կազմակերպել: Իհարկե պարեկային ծառայությունը մեծ դեր ունի այս ամբողջ գործընթացում որպեսզի կարողանանք արագորեն արձանագրել խախտումները»,-ասաց Սարգսյանը:
ՆԳՆ նախարարը հավելեց, որ գերատեսչության հրապարակած տվյալներով էականորեն աճել է պարեկային ծառայության վարչարարություն, որն իր գնահատմամբ բացասական ազդակ է, որովհետև խնդիրը չպետք է լինի վարորդներին հնարավորինս շատ տուգանելը:
«Մեր խնդիրն է, արձանագրել, որ վարորդները փոխել են իրենց վարքագիծը սրանց արդյունքում և սա է պատճառը, որ որոշակի խստացումներ ենք նախատեսում, որովհետև տեսնում ենք, որ առկա տուգանքների բալային համակարգը շատ հաճախ զսպող դեր չի կատարում»,-ասաց նախարարը:
![]()