ԳՇ պետն անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին և կանխարգելման աշխատանքներին

«Հայաստանի զինված ուժերում մահվան դեպքերը տարբեր պատճառներ ունեն, և դրանք հնարավոր չէ դիտարկել նույն հարթության վրա»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան և ինքնասպանությունների վերաբերյալ հարցերին։

Նրա խոսքով՝ զինծառայողների մահվան դեպքերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, Ասրյանը պատասխանել է․

«Արվում է համապատասխան աշխատանք»։

Լրագրողների խնդրանքին՝ մանրամասնելու ձեռնարկվող քայլերը, նա նշել է, որ դրանք ներկայացնելու համար երկար ժամանակ է պահանջվում։

ԳՇ պետն ընդգծել է, որ զինծառայողների մահվան դեպքերը մտահոգում են նաև ռազմական ղեկավարությանը։

«Ոչ միայն հասարակությանն է հուզում, այլ նաև մեզ։ Առավել շատ մեզ է հուզում»,- ասել է Ասրյանը։

Անդրադառնալով դեպքերի պատճառներին՝ նա հիշատակել է միջավայրային փոխհարաբերությունները, ֆինանսական ու առողջական խնդիրները։

Զինծառայողների մահվան դեպքերի ընդհանուր համատեքստում Ասրյանը նշել է նաև ծառայությունից դուրս հանգամանքներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ