Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ

Պետք է հնարավորինս արագ ապահովել TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրած համաձայնագրի վավերացման ընթացակարգը։

Այս մասին ասել է վարչապետը՝ Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելու ժամանակ։

Վարչապետն անդրադարձ է կատարել մասնավորապես՝ Ախուրիկ-Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման ու նախագծման հայտարարված մրցույթին, ջրամբարների նախագծերին, Երասխի հատվածում երկաթգծի կայարանի նորոգմանը։

«Հյուսիս-հարավի շինարարությունը շատ հաջող ընթանում է Ագարակ-Քաջարան հատվածում։ Առաջիկայում մենք կսկսենք նաև Քաջարանի թունելի շինարարությունը: Հաջորդիվ տեղի կունենա արդեն Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ֆրանսիայի մեր գործընկերների հետ։ Ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված մտավախություն չունեմ, որովհետև առաջիկայում ակնհայտորեն և անկասկած Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն է լինելու։

TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք։ Մենք այստեղ պետք է ավելի վստահ լինենք։ Ընդ որում, նախորդող շրջանի մեր փորձը ի՞նչ է ցույց տվել, որ փողը կարևորը չի, կարևորը բովանդակությունն է: Երբ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն՝ որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է»,- ասել է երկրի ղեկավարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ