![]()
Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ երգչուհի Սիրուշոն հայտնել է, թե իրենց ասել են, որ մինչև ամսի 11-ը Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու են:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանին: Վերջինս մեզ հետ զրույցում հերքել է, թե գործընթացը որևէ քաղաքական կամ կրոնական երանգ ունի: Խնդիրն այն է, որ տնտեսվարողը համապատասխան կարգով չի դիմել գովազդի թույլտվության համար:
«Երևան քաղաքում արտաքին գովազդ տեղադրելու համար կա Երևան քաղաքի ավագանու որոշում, որով սահմանվում են Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրման դիմումի ընթացակարգը և չափորոշիչները: Տվյալ տնտեսվարողը երկու տեսակի գովազդ ունի. մեկը տեղադրված է պատին, որի համար դիմել է և ստացել թույլտվություն, իսկ հիշատակված տեղադրված արտաքին գովազդի համար չի դիմել, տեղադրել է ինքնուրույն: Ասել ենք, որ դիմում ներկայացնի, ստանա թույլտվություն, որից հետո տեղադրի: Մենակ խաչը չէ, ինքնակպչուն կա, «Պրեգոմշ» կա, ինքնակամ են բոլորը, դրանք պետք է մոնտաժեն, դիմում ներկայացնեն, որ ստանան թույլտվություն: Տնտեսվարողը այս ամեն ինչին տեղյակ է: Հարցը չի կարող քաղաքական երանգ ունենալ: Մենք ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման գործընթացներ: Քաղաքական էլեմենտ չի կարելի տալ: Ոչ էլ խնդիրը խաչն է, ընդհանուր ցուցափեղկում տեղադրված գովազդներն են»,- մանրամասնել է Առաքելյանը:
![]()