![]()
Հունիսի 9-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, և կա վիրավոր։
Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
«Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, որը գլխի մասում ունեցել է վնասվածքի հետքեր, նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածինն է։
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին դեպքի վերաբերյալ տեղեկացրին, որ վիճաբանություն է եղել ու ծեծկռտուք։
«Կրակոցների փաստը դեռևս ստուգվում է։ Մի տղամարդ վնասվածք ունի, որը հրազենային չէ։ Ոստիկանները ճշտել են բոլոր մասնակիցների ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
![]()