Թող Աստված մեզ բոլորիս պարգևի ճշմարտությունը տեսնելու խիզախություն.Տեր Արամ

Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

💒 Խնդրում եմ տարածել
Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, քույրեր և եղբայրներ, սրբազան և հոգեշնորհ հոգևոր հայրեր և ծառայակից արժանապատիվ եղբայրներ ի Քրիստոս։
Արդեն տևական ժամանակ՝ շուրջ երեք տասնամյակ, մեր Մայր Սուրբ Եկեղեցին լի է անլուծելի և անվերջանալի թվացող, կամակոր և անձնակենտրոն կառավարման չարիքից առաջացած ալեկոծումներով։ Եկեղեցի սպրդած դատապարտելի այդ ընթացքն այսօր էլ սպառնալիք է և ուղիղ խոչընդոտ՝ արժեքահեն հանրային միջավայրի ձևավորման և մեր երկրի խաղաղ զարգացման համար։
Անցնող մեկ տարվա ընթացքում անցանկալի այդ երևույթները և դրանց հիմնական պատասխանատուները վերջնականապես նույնականացված, տեղորոշված և մատնանշված են։ Պատշաճ և գիտակից թափանցիկությամբ, խղճի մտոք, հանրային հանձնառությամբ ու քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ բարձրաձայնված մտահոգություններն ու պահանջներն այլևս ձևակերպված են որպես եկեղեցու բարեկարգության աներկբայելի, անկասելի և անհետաձգելի օրակարգ, և այդ օրակարգի անխափան իրականացումը մեր անօտարելի իրավունքն է։
Ավելորդ չէ ևս մեկ անգամ ամրագրել, որ եկեղեցու բարեկարգության ձևակերպված օրակարգը մեկ անձի, խմբի, կուսակցության քիմքին հաճո ցանկություն կամ պահանջ չէ, ոչ էլ՝ անլուծելի թվացող խնդիրների հաղթահարման ուղղությամբ որդեգրված խիստ և ոչ կառուցողական դիրքորոշում։ Եկեղեցում օրհնաբեր փոփոխությունների հասնելը վաղուց հասունացած ներքին պահանջ է, որը ծնվել է ոտնահարված արդարության վերականգնման, ճշմարտության անվերապահ հանրահռչակման և եկեղեցու վարչկառավարչական կառույցի կանոնական ու բարոյական առողջացման տեսլականից։
Մի տեսլական, որի կրողները անդուլ, չտեսնված ու չլսված կերպով բռնաճնշվել, հալածվել, հետապնդվել, ծաղր ու ծանակի և մարդկային արժանապատվության ոտնահարման են արժանացել եկեղեցում պատասխանատու աթոռներ գրաված անձերի ու նրանց «հավատարիմ աշակերտների» կողմից։
Եկեղեցու բարեկարգությունը, օրակարգ դառնալուց դեռևս շատ երկար ժամանակ առաջ, ձևակերպված էր և գոյություն ուներ իբրև հրամայական։ Այս տեսանկյունից հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ եկեղեցու բարեկարգության օրակարգը չի առաջացել քաղաքական շրջանակներում, չի պարտադրվել որևէ արտաքին ուժի կողմից։ Եկեղեցու բարեկարգության ձևակերպված օրակարգի մեջ չկա և ոչ մի օտար և թշնամական տարր ու հետագիծ։ Ընդհակառակը՝ եկեղեցու բարեկարգության ձևակերպված օրակարգին մոլեգնաբար և չարաղետ բառապաշարով ընդդիմացողների մոլորեցնող ղեկավարներն են տեսանելիորեն բռնված ոչ հայաստանյան և ոչ ավետարանական չար մտադրություններով։ Օտար և թշնամական կենտրոններից հակաբարեկարգական ասպատակություններ հրահրողներն իրենք են, որ գործակալական և լրտեսական գործունեությամբ պետականաքանդ ու եկեղեցակործան ընթացք են որդեգրել։
Եկեղեցու բարեկարգությունն անհրաժեշտություն է, որ ծնվել է եկեղեցու ներսում՝ հավատացյալ ժողովրդի, պատասխանատու հոգևորականների և եկեղեցու ապագայով մտահոգ բոլոր մարդկանց խղճի մեջ։ Եկեղեցու բարեկարգության ձևակերպված օրակարգի մեջ հայ հավատացյալն այսօր ճանաչում և ողջունում է իր տարիներով կուտակված ցավը, իր չլսված հարցերը, արհամարհված պահանջմունքները, իր ոտնահարված նվիրական հույզերը, իրեն զլացված հոգևոր խնամքն ու հոգածությունը, իր կեղեքված հոգու անդարմանելի ցավերը, իր անպատասխան մտահոգություններն ու իր արդար սպասումները։
Եկեղեցու բարեկարգության ձևակերպված օրակարգի մեջ հայ հոգևորականն այսօր տեսնում է առկա անառողջ իրականության առջև պատասխանատվության և մեղքի իր բաժինը և Քրիստոսի Ավետարանի սիրուց մղված՝ հանձնառու պատասխանատվությամբ ողջունում և ընդառաջ է գնում այդ օրակարգին։
Այսօր եկեղեցու բարեկարգության ձևակերպված օրակարգն արհամարհում, ծաղրում, անիծում, սպառնում և ամեն տեսակի չար ու սուտ խոսքեր, անդաստիարակ, փողոցայինին հարիր վայրահաչ լուտանքներ են տեղում նրանք, ովքեր եկեղեցում իրենց տեր և պետ են կարծում՝ անտեսելով մեր Տիրոջն ու Փրկչին, սեփական ճղճիմ անձերն Աստծո փոխարեն պատվի արժանացնելով, ամեն տեսակի ճամարտակություններ հորինում։ Նրանք, որ այսօր եկեղեցական պատասխանատու աթոռներ ու գահեր են զբաղեցնում և ծպտվում պես-պես ծիրանիների, ատլաս-մետաքսե քղամիդների և ճոռոմ տիտղոսների տակ։
Բարեկարգության օրակարգը պահանջում է սեր, ճշմարտություն, արդարություն, որովհետև նախ և առաջ Ավետարանն է դա պահանջում։
Եկեղեցում առկա խնդիրները լուծելու, նոր խնդիրներ չհարուցելու փոխարեն, ինչ-որ մարդիկ դեռևս փորձում են թաքնվել «կանոնական դաշտ», «եկեղեցական ատյաններ», «կանոնական ընթացակարգեր», «հակականոնական ընթացք» անորոշ և բովանդակազրկված արտահայտությունների ետևում։
Իսկ իրականում անհայտ է, թե ուր են այդ ատյաններն ու կանոնակարգերը, գործում են արդյոք, ի՞նչ պարբերականությամբ, ո՞ւմ քմահաճույքով։
Համար առաջին կանոնը եկեղեցում սերն է։ Եկեղեցում կանոնը և կանոնական մտածողությունը կոչված են պաշտպանելու և երաշխավորելու ճշմարտությունը, ազատությունը և խաղաղությունը՝ ընդդեմ ստի, կեղծիքի և երեսպաշտության։
Եկեղեցում կանոնը կոչված է թույլ չտալու արդարության ոտնահարումը, կանոնն ընդդիմանում է կամայականությանը։ Կանոնը թելադրում է՝ եկեղեցում իշխանությունը ծառայելու համար է, ոչ թե հալածելու և բռնանալու։
Եկեղեցում իշխանությունը փրկության համար գործադրված ծառայություն է։ Եկեղեցում սերն ու ճշմարտությունը չպիտի լռեցվեն և բռնաճնշվեն։ Կանոնի այս հստակ իմաստը չհասկացողը պիտի եկեղեցում հարցեր լուծելու առիթ և հնարավորություն չունենա այլևս, այլապես եկեղեցին նորից կդառնա կլանային իշխանություն բանեցնելու գայթակղիչ միջավայր, ինչից ազատվելու պատմական պահը հասել է մեզ ու հիմա։
Եկեղեցին չի կարող ենթակա լինել ոչ մեկի՝ Աստծուց բացի, և որևէ անձ չի կարող եկեղեցին ուղղորդել ընդդեմ պետության, օրենքի, ժողովրդի և Աստծո։
Քրիստոս երբեք վախ չքարոզեց։ Քրիստոս երբեք ստրկամտություն չքարոզեց։ Քրիստոս չքարոզեց ենթարկվել մարդկանց կամայականությանը։ Քրիստոս քարոզեց ճանաչել ճշմարտությունը և լինել ազատ։ Քրիստոս ազատություն քարոզեց և ոչ երբեք ստրկամտություն։ Քրիստոս է Ճշմարտությունը, և Քրիստոս՝ Սեր է։ Եկեղեցում կանոնը Քրիստոսի քարոզած ազատությունը պաշտպանելու և ոչ թե հալածելու համար է։
Եկեղեցու պատմությունն, ի վերջո, պատմություն է փրկարար ճշմարտության քարոզիչների և ճշմարտության դեմ պայքարողների մասին, պատմություն է սիրո ավետարանը քարոզածների և նրանց հալածողների մասին։ Պատմություն է նրանց մասին, ովքեր սեփական անձը զոհաբերել են հանուն ճշմարտության, և նրանց մասին, ովքեր ճշմարտությունը զոհաբերել են հանուն սեփական անձի։
Եկեղեցու բարեկարգության ձևակերպված օրակարգը պայքար է հանուն եկեղեցու։
Եկեղեցում այլևս երբեք և ոչ ոք չպետք է հալածվի, բռնաճնշվի ու հետապնդվի քաղաքական ու կուսակցական շարժառիթներով։ Իսկ դրա համար անհրաժեշտ է եկեղեցու բարեկարգության ձևակերպված օրակարգի լիակատար իրագործում։
Թող Աստված մեզ բոլորիս պարգևի ճշմարտությունը տեսնելու խիզախություն, այն ասելու ազատություն և այն պաշտպանելու հավատարմություն։ Աղոթենք՝ գործելով, և գործենք՝ աղոթքով։ Ամեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ