Զելենսկին հայտարարել է, որ Հայաստանին պետք է աջակցել Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն այժմ իր հարևանությամբ գտնվող երկրներին սպառնում է առավել բացահայտ, քան նախկինում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է Ռուսաստանի կողմից ասվել Հայաստանի մասին։

«Ռուսաստանն այժմ սպառնում է իր հարևանությամբ գտնվող երկրներին առավել բացահայտ, քան նախկինում: Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին, որի ժողովուրդը միայն իրավունք ունի որոշել և ընտրել իր երկրի ապագան: Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ», — գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ այդ ամենի ֆոնին ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության։ Նրա խոսքով՝ Եվրոպան իրավունք չունի կորցնել իր ժողովուրդներից որևէ մեկին, հետևում թողնել որևէ երկիր:

«Հայաստանին պետք է աջակցել: Մոդովային պետք է աջակցել: Բալթյան երկրներին: Ադրբեջանին պետք է աջակցել: Մենք պետք է ուղիներ գտնենք՝ աջակցելու Վրաստանի ժողորդին նույնպես, և սա եվրոպական ընդհանուր խնդիր է: Չի կարելի կորցնել ոչ ոքի», — պնդել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսաստանը վերջին օրերին տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտնի մակարդակով Հայաստանի իշխանություններին կոչ է արել հնարավորինս արագ կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցում։ Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ և այդ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրել էին այն փոխանցել ՀՀ վարչապետին։ Ավելի ուշ Կրեմլի կայքում հրապարակվեց հայտարարությունը, որով ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները Հայաստանին առաջարկել էին հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ նաև վերջին օրերին հայտարարում են, որ Եվրամիության ուղղությամբ շարժվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ գնելու հնարավորություններից։ Ռուսաստանը նաև սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ, մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը, սահմանափակումներ են կիրառվել գյուղատնտեսական մի շարք ապրանքների, մասնավորապես, լոլիկի, վարունգի, ելակի ներմուծման նկատմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ