Պետությունը կարող է ներել մինչև 5 մլն դրամի պարտքեր․ ո՞ւմ կվերաբերի ֆինանսական աջակցությունը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Կառավարության մայիսի 27-ի չզեկուցված որոշումը, որով նախատեսվում է մինչև 5 մլն դրամի պարտավորությունների ներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի շարք ֆիզիկական անձանց համար՝ դրանք ձևակերպելով որպես պետական ֆինանսական աջակցություն։

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման 1-ին կետով սահմանվել են Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների (ֆինանսական կազմակերպություններ) դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման, մարման առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի:

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման 2-րդ կետով սահմանվել են նույն որոշման 1-ին կետում նշված առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները և ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման, փոխանցված դրամական պահանջների (գույքային իրավունքների) վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի, որի 2-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասի հիմքով ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցման ենթակա են ֆինանսական կազմակերպություններում ձևավորված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ վերջիններիս ֆինանսական հաշվետվություններում առկա նույն որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող դրամական պահանջները (գույքային իրավունքները):

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջված` պարտավորությունների գծով պարտավորությունների հիմնական գումարի չափը յուրաքանչյուր պարտապանի գծով զիջման օրվա դրությամբ 5,000,000 դրամը չգերազանցող, առնվազն 802,328,619.0 ՀՀ դրամ ընդհանուր գումարի, այդ թվում՝ առնվազն 5,922,912.8 ՀՀ դրամը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շարժական գույքի գրավով ապահովված, վերաբերյալ առկա են հարկադիր կատարողական վարույթներ, որոնք հարուցվել են համապատասխան ֆինանսական կազմակերպությունների կողմից մինչև ցեսիայի պայմանագրերի կնքումը իրավունքների իրացման արդյունքում։

Հարկադիր կատարման գործընթացում կիրառվող միջոցների արդյունքում պարտապանների դրամական միջոցների և գույքի նկատմամբ դրվում են արգելանքներ, ինչի հետևանքով՝ սահմանափակվում է նրանց ֆինանսական միջոցների տնօրինման հնարավորությունը, արգելափակվում են բանկային հաշիվները, կիրառվում են գույքի օտարման սահմանափակումներ։

Նշված սահմանափակումները գործնականում հանգեցնում են նաև նրան, որ պարտապանները չեն կարողանում օգտվել պետության կողմից տրամադրվող սոցիալական և բնակարանային աջակցության ծրագրերից, այդ թվում՝ բնակարանի ձեռքբերման կամ բնակարանային պայմանների բարելավման նպատակով տրամադրվող հավաստագրերից (սերտիֆիկատներից)։

Արդյունքում՝ քաղաքացիները զրկվում են իրենց կենսապայմանների բարելավման հնարավորությունից, նվազում է պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը, խորանում է սոցիալական լարվածությունը։

Բացի այդ, հարկադիր կատարողական վարույթներում գտնվող պարտավորությունների զգալի մասը հանդիսանում է փաստացի անհուսալի՝ պայմանավորված պարտապանների գույքային և ֆինանսական հնարավորությունների բացակայությամբ, և դրանց պահպանումը որպես պահանջ չի ապահովում պետական բյուջեի եկամուտների աճ, իսկ հարկադիր կատարումը դառնում է անարդյունավետ, ինչը հավելյալ վարչարարական բեռ է ստեղծում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար։

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտ է պետական միջամտություն՝ ուղղված նման պարտավորությունների դադարեցմանը (ներմանը), ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացմանը, ինչը հնարավորություն կտա նրանց լիարժեք օգտվել պետական ծրագրերից, բարելավել սոցիալական վիճակը և վերականգնել իրենց տնտեսական ակտիվությունը:

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

Առանձին ֆիզիկական անձանց սոցիալական պայմանների բարելավմանն աջակցելու, ինչպես նաև այն ֆիզիկական անձանց հետ, որոնց պարտավորությունների գծով չեն հարուցվել կատարողական վարույթներ, հավասարության և արդարության սկզբունքները պահպանելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է ներել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և համապատասխան ֆինանսական կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգով կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցված և հարկադիր կատարողական վարույթում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շարժական գույքի, բացառությամբ ոսկյա իրերի, գրավով ապահովված ֆիզիկական անձանց պարտավորությունները՝ պայմանով, որ այդ պարտավորությունների հիմնական գումարի չափը յուրաքանչյուր պարտապանի գծով զիջման օրվա դրությամբ չի գերազանցում 5,000,000 դրամը՝ ձևակերպելով որպես այդ անձանց տրամադրված պետական ֆինանսական աջակցություն:

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեցման և կարող է հանգեցնել ծախսերի ավելացման:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրով և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշմամբ սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության ստանձնած հանձնառություններից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ