Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը զորահանդեսի ժամանակ շատերի աչքերին արցունքներ է նկատել:

Ըստ նրա՝ ժողովուրդը հատկապես ուժգին ցնծում էր, երբ հրապարակ էին մտնում հայրենական արտադրության զինատեսակները, անօդաչու թռչող սարքերը:

«Մենք արդեն զենք ենք արտահանում, գնորդ երկրները վստահում են մեզ: Զորահանդեսը հետաքրքրվածությունը մեծացնելու է, մի քանի տարի հետո էլի ավելի մեծ ծավալների արտադրություն ենք ունենալու»,- ասում է նա՝ հավելելով, որ ամբողջ արսենալը չի ցուցադրվել:

Պատգամավորը վստահեցնում է՝ վերջին մի քանի տարում ՀՀ-ն այնքան զինատեսակ է ձեռք բերել, որ 30 տարում դրա մի մասը չի արվել. «Համեմատելու եզրեր չկան: Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, Պապիկյանի նշանակումից հետո եղան մեծ բարեփոխումները»:

Զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանի խնդիրը պաշտպանունակ բանակ ունենալն է, որպեսզի այն ապահովի ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը:

Խաչատրյանի խոսքով՝ զինծառայողները ինտեգրվել են նոր համակարգին: Ինչ վերաբերում է բանակի զինանշանի փոփոխությանը և դրա վերաբերյալ հնչող քննադատություններին, նա նկատում է՝ հիմնական քննադատողները այլ երկրների շահերը պաշտպանող քաղաքական դեսանտներն են. «Իրենք այստեղ քաղաքական շարժում են սկսել օտար երկրի շահերը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ ասեմ, որ մասնագետները քննարկել են, բոլոր գերատեսչություններով անցել է, և որոշումը կայացվել է»:

Արմեն Խաչատրյանը սանձարձակ սուտ է համարում Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, թե 300 հազար ադրբեջանցի է գալու Հայաստանում բնակվելու. «Սա ազգային անվտանգության և հասարակության հոգեբանական պաշտպանվածության դեմ ուղղված գործողություն է, պետք է իրավական գնահատական տալ»:

Ըստ իշխող ուժի անդամի՝ Կարապետյանը այլ երկրի հատուկ ծառայության աշխատակից է, և ինչ գրում տալիս են, դա էլ ասում է:

«Համատարած կաշառք են բաժանում, հույսը դրել են դրա վրա: Ընդդիմություն կոչվածն է ՌԴ-ին խնդրում, որ փակեն ճանապարհները, դժգոհություն առաջացնեն ՀՀ-ում, ասում են՝ եթե խնդիր եք դրել մեր առջև, ուրեմն օգնեք»,- նկատում է նա:

Ինչ վերաբերում է հեղաշրջում անելու փորձերին, վերջինս շեշտում է. «Նման փորձերը բնում խեղդվելու են»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ