![]()
«Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է Դանիել Իոաննիսյանը։
«Վերջին շրջանում մի շարք հետաքննություններ են հրապարակվել այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ինչպիսիքն են The Insider–ը Radio France Internationale-ը, Dossier–ն, Reuters-ը, ինչպես նաև Փաստերի ստուգման հարթակը։ Հրապարակվել են բարձր արժանահավատությամբ հետաքննություններ, որոնք վկայում են, որ ՌԴ մի շարք պաշտոնատար անձինք, ներգրավելով նաև որոշ ՀՀ քաղաքացիների, փորձել են Հայաստանում զավթել իշխանությունը, ինչպես նաև, իրականացրել են փողերի լվացում։
Մասնավորապես, ըստ նշյալ նյութերի, ՌԴ Նախագահի աշխատակազմի և հատուկ ծառայությունների մի շարք աշխատակիցներ առերևույթ պլանավորել, կազմակերպել ու ֆինանսավորել են Հայաստանում հետևյալ գործողությունները՝
1. Ապատեղեկությունների կանխմտածված գեներացում ու տիրաժավորում՝ հանրային կարծիքի առաջատարների (ЛОМ–երի) ու լրատվամիջոցների միջոցով,
2. Քաղաքական ուժերի ֆինանսավորում և այդ ուժերին տարատեսակ այլ աջակցությունների տրամադրոմ,
3. Ռուսաստանում բնակվող ընտրողների նկատմամաբ պարտադրանքներ,
4. Վերը նշվածի հետ փոխկապակցված այլ ապօրինի գործողություններ։
Ըստ հետաքննված և հրապարակված նյութերի՝ նշված գործողությունների կատարումը նախապատրաստելիս և իրականացվելիս պատրաստվել են սխեմաներ, պլաններ ու հատկացվել միջոցներ։
«Անկախ դիտորդ» դաշինքի՝ այս ամենի մասին ներկայացված հաղորդումը 15 էջանոց է, բոլոր մանրամասներով։ Այն, բացի The Insider–ի Radio France Internationale-ի, Dossier–ի, Reuters-ի, Փաստերի ստուգման հարթակի, հղումներ է պարունակում նաև Ֆրանսիայի և ԵՄ մի շարք պետական մարմինների կատարած ուսումնասիրություններին։
Դիմումով խնդրում ենք նաև ուսումնասիրել «Կովկասի Խրոնիքոնը» կայքում հրապարակված նյութերը ու սխեմաները»,- ասվում է գրառման մեջ։
![]()