Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կորած 6-ամյա 2 տղաները․ որտեղ են եղել երեխաները

Մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում 3 ժամից ավելի է՝ որոնում են գյուղի երեխաներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ բնակիչները որոնում են տղա երեխաներ Ա․-ին և Մ․-ին։

Որոնողական աշխատանքներին միացել են նաև Գեղարքունիքի մարզային վարչության քրեական ոստիկանները։ Գյուղ են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտ 10 փրկարար։

Երեխաների որոնողական աշխատանքներին միացել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ամբողջ գյուղի բնակիչները։

Մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են իրականացվել տարբեր հատվածներում, և ժամը 20։10-ի սահմաններում փրկարարներն ու պարեկները երեխաներին ողջ և առողջ հայտնաբերել են գյուղի մանկապարտեզի ննջասենյակներից մեկում։ Երեխաները հորեղբոր տղաներ են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ