![]()
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ մի խումբ քաղաքացիներ արժանացել են պետական բարձր պարգևների։
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նստավայրում, որտեղ պետական պարգևները հանձնվել են նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և հյուրեր։
Ողջունելով ներկաներին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ՝ բարձր գնահատելով պարգևների արժանացած քաղաքացիների ներդրումն ու ծառայությունները հայրենիքի զարգացման գործում։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը.
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի և Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևների արժանանալու առթիվ։
Մայիսի 28-ը մեր ժողովրդի նորագույն պատմության այն առանցքային հանգրվանն է, երբ, հակառակ ժամանակի ծանրագույն փորձությունների, հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը և աշխարհին վերահաստատել ազատ ու անկախ ապրելու իր կամքը։ Առաջին Հանրապետությունը ոչ միայն պատմական իրադարձություն էր, այլև ազգային արժանապատվության, պատասխանատվության և ապագայի հանդեպ հավատքի կարևորագույն դրսևորում։
Այս օրը մեզ համար նաև առիթ է արժևորելու այն մարդկանց աշխատանքն ու նվիրումը, որոնց ամենօրյա ջանքերով ամրապնդվում է մեր պետությունը, զարգանում հանրային կյանքը, ձևավորվում վաղվա Հայաստանի հիմքը։
Պետական բարձր պարգևը նախևառաջ գնահատանք է այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մասնագիտական ճանապարհը կապել են հանրային ծառայության, ստեղծարար աշխատանքի, գիտելիքի, մարդկային հոգատարության և հայրենանվեր գործունեության հետ։ Ձեր ձեռքբերումները միայն անձնական հաջողություններ չեն. դրանք նաև մեր պետության ընդհանուր առաջընթացի և հասարակական կայացման կարևոր բաղադրիչն են։
Այսօր Հայաստանը կանգնած է պատասխանատու և վճռորոշ փուլում։ Մեր պետության ամրությունը կախված է ոչ միայն ինստիտուտներից կամ կառավարման համակարգերից, այլ առաջին հերթին մարդկանցից՝ իրենց գործին հավատացող, պատասխանատվություն կրող, ազնիվ ու հետևողական քաղաքացիներից։ Հենց այդպիսի մարդկանց շնորհիվ է հնարավոր հաղթահարել դժվարությունները, պահպանել պետականության հիմքերը և վստահությամբ նայել ապագային։
Յուրաքանչյուր ոլորտ, որտեղ դուք գործունեություն եք ծավալում՝ գիտություն, կրթություն, մշակույթ, առողջապահություն, տնտեսություն, բանակ, պետական կառավարում կամ հանրային կյանքի այլ ուղղություններ, ունի իր կարևոր դերը երկրի զարգացման և հասարակության բարօրության ապահովման գործում։ Ձեր աշխատանքը ձևավորում է այն միջավայրը, որտեղ պետությունը դառնում է ավելի կայուն, ավելի մրցունակ և ավելի մարդակենտրոն։
Վստահ եմ, որ այս պարգևները ձեզ համար կլինեն ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական, այլև նոր պատասխանատվություն՝ շարունակելու նույն նվիրվածությամբ ծառայել մեր հանրությանը և պետությանը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ։
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ստեղծագործ ուժ և նոր հաջողություններ՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»:
![]()