Ասում են՝ պետական պարտքը կրկնապատկվել է. հրապարակում դուք տեսաք մեր պետական պարտքը, որ «կանսեռվի կոկոշ» չէր

«Ընդդիմությունը շահարկում է, թե իբր Հայաստանը անպաշտպան է, թե Հայաստանը բանակ չունի, թե իրենք բանակ են ստեղծել, մենք բանակը քանդել ենք, մինչդեռ իրենց ժառանգություն թողած բանակը եղել է քանդված»։

Այս մասին զորահանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էդ որ ասում եմ՝ կոնսերվի կոկոշներ, դա միայն կոկոշներին չի վերաբերում, սպառազինության 70%-ը եղել է մաշվածության վերջին աստիճանի, իսկ այսօր դուք Հանրապետության հրապարակում չտեսաք թեկուզ մի միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք, և որը արտադրված չէ Հայաստանի Հանրապետության համար։

Մեկը կարո՞ղ է հաշվել՝ քանի միլիարդի զենք է անցել այսօր Հանրապետության հրապարակում։ Իհարկե չեն հաշվի և չեն էլ կարող հաշվել։ Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են՝ պետական պարտքը ավելացրել եք։ Ընդ որում՝ շատ արտադրողներ կան, որոնք նաև վաճառքի պայման են համարում, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները, որովհետև դա փաթեթային ծառայություն է։ Մարդիկ ասում են, որ մենք առաջարկում ենք այս փաթեթը և այս փաթեթը։ Դա սուպերմարկետ չի, որ գնաս քարտդ տաս, ասես՝ ես վերցնում եմ, որովհետև մարդիկ ունեն իրենց տնտեսական մեխանիզմները, իրենց շահերը։ Իրենք ասում են՝ այս մեխանիզմով եթե ուզում եք, վերցրեք, որովհետև այն մյուս մեխանիզմով գները ուրիշ են։

Այդտեղ հազար ու մի բարդություն և հազար ու մի շերտ կա, որի մասին մենք չենք կարող խոսել և պետք էլ չի, որ խոսենք։ Այդ ո՞վ էր տարիներով ասում, որ մենք պետական պարտքը կրկնապատկել ենք։ Ահա խնդրեմ, մենք ձեզ ցույց ենք տալիս պետական պարտքը։ Պետական պարտքի ձևավորման պատճառը ոչ թե այն է, որ շատ դեպքերում մենք փող չենք ունեցել, այլ դա եղել է փաթեթ, մեզ առաջարկվել է զուգահեռ ֆինանսական ծառայության սխեմայով, այսինքն՝ ասվել է, որ վարկ վերցրեք և առեք, որովհետև իրենք ունեն իրենց ռազմարդյունաբերական համալիրների ֆինանսավորման առանձնահատուկ սխեմաներ, հակառակ դեպքում գները էականորեն փոխվում են»,- հայտարարել է Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ