![]()
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Սաակաշվիլին Սամվել Կարապետյանին համեմատել է Բիձինա Իվանիշվիլիի հետ։
«Սիրելի՛ հայ հարևաններ, սա՞ է այն երկիրը, որը դուք ցանկանում եք ունենալ։ Մի՛ կրկնեք Վրաստանի սխալը, որքան էլ քննադատաբար տրամադրված լինեք գործող կառավարության հանդեպ։
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով։ Հայաստանը կարող է անել նույնը։ Հիմա, երբ դուք ունեք թե՛ Եվրոպայի, թե՛ Ամերիկայի աջակցությունը, բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և ձեզ մի՛ մեկուսացրեք աշխարհից»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ ստացել են ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովից նամակ՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Նամակով ռուսական կողմը տեղեկացրել էր Երևանին՝ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, իրենք կկասեցնեն կամ կչեղարկեն գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը։
Ըստ ՀՀ արտաքին հարցերով գերատեսչության՝ նամակը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում նամակի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել՝ խնդրելով թույլ տալ ուսումնասիրել այն:
![]()