Կանգնած ենք պատմական առաքելության առաջ, շարունակում ենք կառուցել պետություն, տեսանելի խաղաղություն. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն ունենալու վեհ գաղափարի շուրջ, հավատալ իր ուժին ու ոտքի կանգնել՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած Հայաստանի առաջին հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, բայց այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից, քանի որ դարերով պետականազուրկ եղած ազգից կրկին վերածվեցինք պետականակերտ ժողովրդի:

Սիրելի՛ հայրենակիցներ, այժմ մենք կանգնած ենք պատմական առաքելության իրագործման առաջ:

Մենք սկսել ու շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության:

Պետություն, որին տրվող ինքնիշխան, ազատ ու անկախ ձևակերպումներն այլևս միայն սահմանադրական ամրագրումներ չեն:

Պետություն, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե միայն կոչեր են, այլ հստակ որդեգրված քաղաքականության ուղենիշներ, երբ քաղաքացին իր անմիջական մասնակցությունը կարող է ունենալ պետության զարգացման ու կայացման գործում:

Եվ, իհարկե, պետություն, որը ձեռք է բերել միջազգային հեղինակություն՝ վայելելով տարբեր երկրների առաջնորդների և միջազգային գործընկերների հարգանքն ու գնահատանքը:

Փառք նահատակներին և շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ