Պեսկովը նոր հայտարարություններ է արել՝ դրանով բացահայտելով ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները

«Եվրոպական արտադրողներն ունեն բոլոր հնարավորությունները՝ զսպելու հայկական ապրանքների շրջանառությունը և կշարունակեն դա անել»:

Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, թե Կրեմլը ողջունում է Եվրոպայի այն ըմբռնումը, որ Ռուսաստանի հետ բանակցությունները վաղ թե ուշ անհրաժեշտ կլինեն. այս մասին էլ Պեսկովը նշել է «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ։

Ըստ պաշտոնյայի՝ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում կքննարկեն Հայաստանի ԵՄ ձգտումները, բայց նրանք իրենք կորոշեն՝ անե՞լ հայտարարություն այս հարցի վերաբերյալ, թե՞ չխոսել քննարկման մասին:

«Պետությունների ղեկավարները հիմա կսկսեն քննարկումը, և նրանք կորոշեն մնացածը. այս թեման անպայման կլինի օրակարգում»,- հայտարարել է Պեսկովը։

Ըստ նրա՝ Հայաստանը «օգտվում է ԵԱՏՄ անդամակցությունից, և ԵԱՏՄ-ին միանալը շատ իմաստուն որոշում էր, որը Հայաստանին զգալի դիվիդենտներ է բերել»։

Պեսկովը հավելել է, թե ՀՀ-ն բարձր զարգացման տեմպերի է հասել ԵԱՏՄ-ին անդամակցության և Ռուսաստանից սուբսիդավորված ապրանքների ստացման շնորհիվ: «Հայաստանը Ռուսաստանից սուբսիդավորված ապրանքներ է ստանում։ Ոչ միայն էներգետիկ ռեսուրսներ, այլև մի շարք այլ ռեսուրսներ։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանն իր ապրանքների համար շուկա ունի Ռուսաստանում:

Հանրաքվեի կարիք կլինի, եթե Եվրամիությանը միանալու նրա ձգտումները սկսեն լիովին խոչընդոտել նրա ներկայիս եվրասիական ինտեգրացիային»,- ասել է նա։

ՌԴ նախագահի խոսնակը նաև խոսել է Եվրոպական շուկայում ՀՀ ապրանքների սպառման անհնարինության մասին՝ հայտարարելով, թե եվրոպական շուկան հայկական ապրանքների կարիք չունի:

«Եվրոպական արտադրողներն ունեն բոլոր հնարավորությունները՝ ճնշելու հայկական ապրանքները, և նրանք դա կանեն. Արդյո՞ք հայկական գյուղատնտեսական արտադրանքը սպասելի է եվրոպական շուկաներում: Պատասխանը հստակ է՝ դրանք սպասելի չեն: Արդյո՞ք հայկական հանքային ջրերը և այլ ապրանքները սպասելի են: Ոչ: «Էվիանը» անմիջապես կճնշի դրանք: Բելգիական ադամանդի արտադրողները թանկարժեք քարեր սպասո՞ւմ են Հայաստանից: Ոչ: Նրանք հսկայական լոբբիստական ուժ ունեն հայ արտադրողներին ճնշելու համար: Եվ դա այն է, ինչ նրանք կանեն: Այս շուկան անողոք է»,- հայտարարել է Պեսկովը:

Իր հայտարարությունների վերջում էլ, թեև Պեսկովը փորձել է «համ յեղել, համ դեղել» սկզբունքով դրական խոսքեր շռայլել Հայաստանին, այնուամենայնիվ, հայտարարությունը այլ տեսք է ստացել, ինչի հետևանքով հստակ սկսել են երևալ ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները:

Ըստ Պեսկովի՝ Հայաստանը մնում է եղբայրական երկիր Ռուսաստանի համար՝ չնայած իշխանությունների եվրոպամետ օրակարգին:

«Մոսկվան տեսնում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության կուրսը չեն կիսում երկրի բոլոր քաղաքական ուժերը: Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք չեն կիսում այս մոտեցումը: Մենք տպավորված ենք այդ ուժերով, չենք թաքցնում դա, բայց այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք և կհամագործակցենք Հայաստանի հետ մեր սեփական օգտի համար, քանի որ ամենակարևորը երկրի բարգավաճումն է, բայց միևնույն ժամանակ, սա փոխշահավետ գործընթաց է», — հայտարարել է Պեսկովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ