Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ

Բանաստեղծ Հակոբ Մովսեսը կարծում է, որ մենք կոռուպցիա բառն օգտագործում ենք՝ ամբողջապես չհասկանալով դրա կործանարար համակարգը:

«Սա ապականություն է: Տաղանդին դարձնում են անտաղանդ, անտաղանդին բերում են առաջին պլան, մշակույթը դարձնում են զվարճանքի առարկա: Կոռուպցիան ազգ կործանող բան է: Չինաստանում պետական կաշառակերը մահապատժի է ենթարկվում: Վերջին մի քանի տարում մեր երկրում դրա դեմն առնվում է: Այսօր, երբ ասում ենք պետական պաշտոնյա, չենք պատկերացնում կաշառակեր, իսկ առաջ, երբ ասում էիր պետական պաշտոնյա, կաշառքի դռները բացվում էին»,- նկատում է նա:

Ըստ նրա՝ հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունները այն մասին են՝ ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ քռքաշ ապրենք. «Շատ լուրջ ընտրության առաջ ենք կանգնած, իսկ ձայն վաճառելը քաղաքական մարմնավաճառություն է»:

Հակոբ Մովսեսը միաժամանակ նկատում է. «Նախկինում ինչքան մեծահարուստ, առևտրականներ կային, հավաքել, բերել լցրել էին Ազգային ժողով, Ազգային ժողովը դարձրել եսիմ ինչ: Ռուսաստանն էլ այդ աչքերով է մեզ նայում, որ սա փողի ժողովուրդ է, ինչ ուզենք կարող ենք անել»:

Բանաստեղծի նկատառմամբ՝ գործող իշխանությունը փոխել է մեր ժողովրդի պատկերացումները իշխանության և իշխանավորի մասին:

«Ժողովուրդը իշխանավորի միայն երազում կարող էր տեսնել, էլ ուր մնաց բանավիճեր նրա հետ, անհամաձայնության հարթություններ բացեր: Ես ուրախ եմ, որ այսօր փողոցում կարող եմ մոտենալ իմ երկրի ղեկավարին, շնորհակալություն հայտնել կամ մատ թափ տալ նրա վրա: Իշխանությունների շնորհքն է նաև, որ այսօր նախկին նախագահները դուրս են գալիս փողոց, շփվում են ժողովրդի հետ, նախկինում նման բան չենք տեսել»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ հարաբերություններին, զրուցակիցը ընդգծում է՝ մենք ՌԴ-ի դեմ թշնամանք չունենք, սակայն պետք է պատասխանել հարցին՝ արդյոք Ռուսաստանը որևէ հարմար պահի ՀՀ-ն չի՞ հանձնի. «Եթե պետք է մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք էլ մեր ճարը տեսնենք»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ