Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել փաստական տվյալներ, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա տղամարդը մայիսի 1-ին Գորիսում գտնվող իր տանը մի խումբ անձանցից, այդ թվում՝ 49-ամյա համաքաղաքացուց, պահանջել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, հանցագործություն կատարելու կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելու, սպառնալիքի, հարկադրանքի և անօրինական այլ գործողությունների միջոցով, հարկադրել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին չընտրել կուսակցություններից մեկին՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Փաստի վերաբերյալ Քրեական ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող համապատասխան տվյալներ, այդ թվում՝ ձայնագրություններ։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գորիսի բնակիչ 53-ամյա և 49-ամյա տղամարդկանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

49-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա Արտեմ Դոռունցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՔԿ-ն ևս սույնի վերաբերյալ հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացումը, հրահանգել և հարկադրել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ