ԿԸՀ-ն էլ ստացել է Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը. երբ այն կքննվի

Ինչպես արդեն հայտնել ենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ԿԸՀ-ն էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ստացել են միջնորդությունը, այն ժամը 17:00-ին փակ նիստով կքննարկվի, որից հետո որոշումը կհրապարակվի։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն և քննիչները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում իրականացնում են քննչական գործողություններ։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք՝ Վանաձորում մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ